Երեւանում անցկացվեց ուժային եռամարտի սեղմում հենարանից վարժության Հայաստանի առաջնություն՝ նվիրված Արցախյան երկրորդ պատերազմի հերոսներին (ֆոտոռեպորտաժ):
Հայաստանի ուժային եռամարտի եւ Հաշմանդամային սպորտի ֆեդերացիաների համագործակցությամբ անցկացված առաջնությանն ընդհանուր առմամբ մասնակցեց 150-ից ավելի մարզիկ-մարզուհի, այդ թվում՝ 44-օրյա պատերազմում հաշմանդամություն ձեռք բերած մարզիկներ: Հայաստանի առաջնությունը մեկնարկեց 1 րոպե լռությամբ՝ ի հիշատակ 44-օրյա պատերազմում նահատակված հերոսների:
«2017 թվականից անցկացնում ենք ուժային եռամարտի Հայաստանի առաջնություն: Բացառություն եղավ 2020-ը, որը նախ կորոնավիրուսով պայմանավորված հետաձգվեց, ապա արդեն պատերազմ, հետպատերազմական շրջան: Սիրտ չկար որեւէ բան անցկացնելու: Մի փոքր դժվարությամբ եկանք այս որոշմանը, որ չնայած ամեն ինչի, պետք է առաջնությունը կազմակերպել եւ անցկացնել: Բացի այդ, մեր սպորտային ընկերները մեզ հետ չեն՝ մեկը զոհված է, մյուսն անհետ կորած... Ամեն դեպքում որոշվեց անցկացնել, որովհետեւ մեր ըկերները՝ Թաթուլը, Արմենը, մյուսները կողմ կլինեին, որ այն տեղի ունենար: Այս առիթով մրցաշարը նվիրված է մեր ընկերների եւ պատերազմում նահատակված բոլոր հերոսների հիշատակին: Հայաստանի առաջնությունն անցկացնում ենք երկու կատերագորիայով՝ հաշմանդամություն ունեցող մարզիկների Հայաստանի առաջնություն եւ սեղմում հենարանից վարժության բաց առաջնություն: Հաշմանդամություն ունեցող մարզիկների շարքում մասնակցում են նաեւ 44-օրյա պատերազմում վիրավորում ստացած մեր ըկերներն ու եղբայրները, ինչն ավելի է պարտավորեցնում կազմակերպել եւ անցկացնել լավագույն առաջնությունը նրանց համար: Պետք է կարողանանք այնպես անել, որ մեր հերոս տղաների համար առաջնության մասնակցությունը շարունակական լինի, իրենց համար սպորտի միջոցով նոր իրականության մեջ կյանքին ինտեգրվելու հնարավորություն լինի»,- ասաց Ուժային եռամարտի ֆեդերացիայի նախագահ Լեւոն Քոչարյանը:
Հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Ստեփանյանը կարեւորում է հաշմադնամություն ունեցող մարզիկների համար Հայաստանի առաջնությունը, տարբեր մրցաշարերի կազմակերպումը:
«Յուրաքանչյուր նման մրցաշար, միջոցառում մարզիկների համար մեծ ոգեւշնչում է, իրենք իրենց շրջապատին են ոգեշնչում, ավելի ուժեղ են լինում եւ հեշտությամբ հաղթահարում ցանկացած դժվարություն: Հայաստանի առաջնությունը կօգնի հաշմանդամություն ունեցող մարզիկների մեջ ձեւավորել հաղթողի կերպարն ու հաղթանակ շարունակել ապրել: Ուժային եռամարտի ֆեդերացիայի հետ երրորդ տարին են անցկացնում առաջնություն: Միջազգային չափանիշներին համապատասխան մրցաշար է կազմակերպված, ամեն ինչ բարձր մակարդակով անցկացրինք: Այս երեք տարիների ընթացքում հաշմանդամ մարզիկների թիմը մեծացել է, տեսնում են, մոտիվացվում եւ իրենց ուժերը փորձում սպորտում: Ցավով եմ փաստում խոսքս, բայց այս պատերազմից հետո էլ մեր շարքերն ավելացան: Օրինակ՝ պատերազմի 7-8 մասնակից է եղել պայքարում: Առաջնությունը նվիրված է պատերազմի մեր հերոսներին»,- մանրամասնեց Սարգիս Ստեփասնյանը:
Հաշմանդամություն ունեցողների սեղմում հենարանից վարժության հաղթողի կոչման համար պայքարեց 50-ից ավելի մարզիկ-մարզուհի: Տղամարդկանց պայքարում 9 քաշային կարգերում չեմպիոններ դարձան՝ Վալտեր Հարությունյանը (49 կգ), Արա Մարտիրոսյանը (54 կգ), Նարեկ Առաքելյանը (59 կգ), Հարություն Մխիթարյանը (65 կգ), Սարգիս Միրիբյանը (72 կգ), Իգոր Հարությունյանը (80 կգ), Սերոբ Հովհաննիսյանը (88 կգ), Սերգեյ Կիրակոսյանը (97 կգ) եւ Ռոմիկ Պոսոսյանը (+107 կգ): Կանանց պայքարում 5 քաշային կարգերում հաղթողներ ճանաչվեցին՝ Անահիտ Բաբաջանյանը (45 կգ), Սվետլանա Մանուկյան (50կգ), Գրետա Վարդանյան (61 կգ) եւ Նաիրա Մեսրոպյանը (84 կգ):
Զինծառայության ընթացքում աչքի վիրավորում ստացած, տեսողական եւ լսողական խնդիր ունեցող 23-ամյա Ռաֆայել Ազիզյանը նախկին մարզիկ է: Մինչեւ ծառայությունը, զբաղվել է բռնցքամարտով, ծանրամարտով, ըմբշամարտով, բայց պրոֆեսիոնալ մարզիկի կարիերա չի հասցրել անել: Վիրավորում ստանալուց հետո ցանկացել է շարունակել զբաղվել սպորտով եւ առաջին քայլերն է արել ուժային եռամարտում:
«Մի քանի ամիս է, ինչ զբաղվում եմ սեղմում հենարանից վարժությունով, բայց Հայաստանի առաջնությունում գրանցածս արդյունքից դժգոհ եմ. 5 կգ քիչ սեղմեցի: Ուրախ եմ, որ սպորտով զբաղվելու հնարավորություն ունեմ: Մեծ աճ ունեմ իմ սկզբնական արդյունքների համեմատ: Առաջին անգամ էի մասնակցում Հայաստանի առաջնությանը, հուսամ հետագայում արդյունքներս կբարելավեմ եւ չեմպիոնի կոչման համար կպայքարեմ: Ինձ ավելի ոգեշնչեց հետագայում պայքարս շարունակելու հնարավորությունը»,- ասաց Ռաֆայել Ազիզյանը:
Հայաստանի առաջնությունում պայքարի մեջ էր եւ չեմպիոնի կոչումը նվաճեց Լոնդոն 2012 եւ Ռիո 2016 Պարալիմպիկ խաղերի մասնակից Գրետա Վարդանյանը:
«Այսօր մասնակցեցի որպես մարզիկ, նաեւ որպես մարզիչ: Գյումրիի կանանց թիմի մարզիչն եմ եւ ուրախ եմ, որ իմ աղջիկները բոլորն էլ մեդալակիրներ դարձան: Ես էլ իմ քաշային կարգում դարձա չեմպիոն: Երեւի որպես մարզիկ այս առաջնությունով կավարտեմ կարիերաս եւ կշարունակեմ որպես մարզիչ:
Տոկիոյի Պարալիմպիկ խաղերի ուղեգրի համար չեմ պայքարի ընտանեկան կարգավիճակից ելնելով: Ուրախ եմ, որ հաշմանդամություն ունեցող մարզիկների համար այսպիսի մրցաշարեր են կազմակերպվում եւ, անկախ ամեն ինչից, մենք հնարավորություն ենք ստանում շարունակել մնալ պայքարի մեջ: Սպորտն ազարտ է, կյանք, ապրելակերպ:
44-օրյա պատերազմից հետո, ցավոք, հաշմանդամ տղաները շատացան: Այսօր նրանցից մի քանիսը դուրս եկան մրցահարթակ: Սա խոսում է նրանց ուժեղ կամքի տեր լինելու մասին, Պատերազմի միջով անցնելուց, վիրավորումներ, հաշմանդամություն ձեռք բերելուց հետո ուժ են գտել եւ մտել սպորտային պայքարի մեջ: Հպարտ ենք նրանցով եւ ուրախ ենք, որ մեր կողքին են»,- ասաց Գրետա Վարդանյանը:
Սեղմում հենարանից վարժության Հայաստանի բաց առաջնությանը մասնակցեց 100-ից ավել մարզիկ-մարզուհի՝ Հայաստանից եւ Ռուսաստանից: Բաց առաջնությունն ավելի թեժ ստացվեց: Հատկապես ծանրքաշային կարգերում համառ պայքար էր գնում Հայաստանի ռեկորդ սահմանելու համար: 120 կգ քաշային կարգում հանդես եկող Հովհաննես Միքայելյանը 215 կգ արդյունքով գրանցեց Հայաստանի ռեկորդ: Տղամարդկանց պայքարում չեմպիոններ դարձան՝ Վաչագան Մակարյանը (59կգ), Արթուր Ավետիսյանը (66), Սեւակ Մանուկյանը (74կգ), Էդգար Հովհաննիսյանը (83 կգ), Դավիթ Մուրադյանը (93կգ), Կարեն Բեգլարյանը (105կգ), Հովհաննես Միքայելյանը (120կգ) եւ Յուրի Կարոգլանյանը (+120 կգ): Կանանց պայքարում հաղթողներ դարձան՝ Աննա Մխիթարյանը (47 կգ), Մարիա Գրիգորյանը (52 կգ), Ալեքսանդրա Գրիգորյանը (57 կգ), Իրինա Ժիլկինան (63 կգ), Լիլիթ Վարդանյանը (72 կգ), Արփինե Թերմենջյանը (84 կգ) եւ Լուսինե Լոգյանը (+84 կգ): Մրցումային օրվա բոլոր հաղթողներն ու մրցանակիները, պատվոգրերից եւ մեդալների բացի, ստացան նաեւ դրամական պարգեւներ:
Լուսինե Շահբազյան











