Ընտրություններից հետո անցկացված սոցհարցման արդյունքներով քաղաքացիների 35,8%-ը քվեարկել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին: Այս մասին այսօր՝ հունիսի 29-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Gallup International Association» հայկական ներկայացուցչության ղեկավար Արամ Նավասարդյանը:

Նա հավելեց, որ հարցվածների 24,2%-ը քվեարկել է «Հայաստան» դաշինքի, 6,8%-ը՝ «Պատիվ ունեմ» դաշինքի, 4,4%-ը՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, 3,2%-ը՝ «Հանրապետություն» կուսակցության, 2,4%-ը՝ Հայ ազգային կոնգրեսի, 2,1%-ը՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության օգտին:

Նրա խոսքով՝ հարցին դժվարացել է պատասխանել հարցվածքների  11,7%-ը,  1,4%-ը փչացրել է քվեաթերթիկները:

«Հեռախոսային հարցմանը մասնակցել է 1112 մարդ: Հարց է ուղղվել նրանց, ովքեր մասնակցել են ընտրություններին»,-պարզաբանեց Նավասարդյանը:

Նա հիշեցրեց, որ համաձայն մինչ ընտրություններն անցկացված հարցման արդյունքների՝ «Հայաստան» դաշինքի օգտին մտադիր էին քվեարկել 28,7%-ը (իրականում՝ 7,61%-ից քիչ),«Պատիվ ունեմ» դաշինքի օգտին՝ 10,8%-ը (իրականում՝ 5,58%-ից քիչ):

«Դա բացատրվում է վերջին օրերին ոստիկանության գործողություններով, ձերբակալություններով: Այդ առումով ամենաակտիվը «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքներն էին: Չկողմնորոշված ընտրողներից 11,7%-ը ձայնը կարող էր տալ «Քաղաքացիական պայմանագրին»: Ինչ վերաբերում է քվեարկության օրը հոսանքազրկմանը, ապա դա տեսականորեն կարող էր անել նաեւ ընդդիմությունը»,-հայտարարեց փորձագետը: 

Նա հավելեց, որ հարցվածներից 38,7%-ը միանշանակ կարծում է, որ ընտրություններն արդար էին, թափանցիկ, 20,1%-ը պատասխանել է «ավելի շուտ այո, քան ոչ», 18,8%-ը՝ «ավելի շուտ ոչ, քան այո», 17,9%-ը՝ «միանշանակ ոչ», 4,5%-ը դժվարացել է պատասխանել:

Արամ Նավասարդյանը հավելեց, որ հարցվածներից 26,2%-ը ընտրություններից 7 օր առաջ է որոշել՝ ում ընտրել: