Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանն այսօր` հուլիսի 10-ին, կրկին՝ մեկ այլ հոդվածով, միջնորդություն ներկայացրեց ընտրությունների արդյունքները վիճարկելու հարցով ՍԴ նիստին որպես վկա հրավիրելու ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին: 

Հրայր Թովմասյանը նշեց, որ նախագահին որպես վկա հրավիրելու իր միջնորդությունը մերժվել է, քանի որ պարզապես վրիպակ է եղել, ինքը հղում է արել այլ հոդվածի:

«Ուստի ես հիմա շտկում եմ այդ վրիպակը և առաջարկում եմ՝ ՀՀ նախագահին սույն գործով պարզման ենթակա հանգամանքները պարզելու համար ներգրավել որպես վկա, առաջնորդվում եմ 55-րդ հոդվածով»,-ասաց Թովմասյանը:

Նա նորից պնդեց, որ գործով երեք դիմողները բարձրացրել են հարց, որի պատասխանը ոչ պատասխանողը, ոչ հարակից պատասխանողները չեն կարող տալ: Նա հավելեց՝ իր համար գործի ելքի համար էական նշանակություն ունեցող հանգամանք է, էական հանգամանք է նաև հանրության համար:

«Իմ ներքին համոզմունքը կայանում է նրանում, որ ես կասկածներ չունեմ, որ նախագահին հարկադրվել է, պարտադրվել է, բայց դատարանը պետք է անդրադառնա դրան, պետք է գնահատական տա դիմողների կողմից բարձրացված հարցերին»,-ասաց Թովմասյանը:

Նշենք, որ ՍԴ-ն այդ միջնորդությունը քննարկել էր հուլիսի 9-ին ժամը 18:00-ից հետո խորհրդակցության ֆորմատով: Արևիկ Պետրոսյանը և Հրայր Թովմասյանը չեն մասնակցել դրան:

ՍԴ-ն դատավորների ձայների մեծամասնությամբ որոշեց Հրայր Թովմասյանի վերոնշյալ միջնորդությունը և ևս մեկ միջնորդությանն անդրադառնալ ընդմիջումից հետո խորհրդակցության ֆորմատով:

Հիշեցնենք, որ հուլիսի 9-ին Հրայր Թովմասյանը միջնորդել էր հրավիրել հանրապետության նախագահին, որպեսզի նա ներկայացնի, թե ինչ պայմաններում է որոշել ընտրության օրը նշանակել հունիսի 20-ին:

Հրայր Թովմասյանը միջնորդեց ՀՀ նախագահին որպես վկա հրավիրել ՍԴ քաղաքական կուսակցությունների գործի լսմանը