ՍԴ-ում ընտրությունների արդյունքների վիճարկմանը վերաբերող դատավարության ընթացքում հնարավորություն ընձեռնվեց մեզ դիմումներում ներկայացված բոլոր հանգամանքների, փաստական տվյալների վերաբերյալ ներկայացնել մեր մոտեցումները, դիրքորոշումները, ԿԸՀ-ում առկա ապացույցները, ինչպես նաեւ այն ամբողջ աշխատանքը, որ իրականացվել էր կապված ընտրությունների կազմակերպման ու անցկացման հետ: Այս մասին ՍԴ-ում իր ամփոփիչ ելույթի ժամանակ նշեց պատասխանող կողմ հանդիսացող ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:
«Կուզենայի անդրադառնալ մի քանի հանգամանքների, որոնց վերաբերյալ էլի հարցադրումներ հնչեցվեցին, մասնավորապես կապված ցուցակների ուռճացվածության հետ, ԿԸՀ-ի կարգավիճակի հետ, որոնք ներկայացվեցին եզրափակիչ ելույթներում՝ չաշխատող անձնագրեր, դատական ակտեր եւ այլն:
Դատավարության ընթացքում հնարավոր եղավ նշված բոլոր հանգամանքների վերաբերյալ ներկայացնել իրավական դիրքորոշումներ: ԿԸՀ-ի համար ընտրական գործընթացի մեկնարկի հիմքը հանդիսացել է ՀՀ նախագահյի հրամանագիրը, որից անմիջապես հետո հաստատվել է հստակ ժամանակացույց: Այդ ողջ ժամանակահատվածում որեւէ ժամկետային խախտում չի եղել: Գործընթացի մասնակիցները լիարժեք ծավալով հնարավորություն են ունեցել իրացնելու ընտրական օրենսգրքով սահմանված բոլոր վերահսկողական գործիքները:
Ընտրությունների ընթացքում, երբ հաշված ժամերի ընթացքում միանգամից իրավահարաբերության մեջ են մտնում հարյուր հազարավոր սուբյեկտներ՝ վստահված անձինք, դիտորդներ, թեկնածուներ, նաեւ ընտրողներ, որոնք ունեն տարբեր քաղաքական անգամ նաեւ հակադիր շահեր, պատկերացնել իդեալականորեն բոլորի կողմից նույնական վարքագծի դրսեւորում, նույնական կերպով ԸՕ-ի իմացություն, կիրառություն, դժվար է պատկերացնել: Դրանով պայմանավորված կարող են տեղի ունենալ նաեւ իրավախախտումներ, խախտումներ: Այստեղ շատ կարեւոր է, որ յուրաքանչյուր նման դրսեւորում պատշաճ ձեւով արձանագրվի, դրանցով իրականացվի համապատասխան քննություն, հայտնաբերվեն մեղավոր անձինք, նրանց նկատմամբ կիրառվեն պտասխանատվություն»,-ասաց Մուկուչյանը:
Նա հավելեց, որ ԿԸՀ-ն հենց այդպես էլ վարվել է, որի մասին են վկայում ԿԸՀ-ի կողմից սեփական նախաձեռնությամբ իրականացված վարույթները, վերահաշվարկը եւ այլն;
«Մեր կարծիքով փաստվեց մի շատ կարեւոր հանգամանք. ցանկացած խնդիր, իրավախախտում, որ նկատվել է, դրանք պատշաճ արձանագրվել են, գնահատականի են արժանացել, դեռեւս կան որոշակի հանգամանքներ, որոնք չեն ավարտվել սրանով, քննության ընթացքում են;
Երբ ասում են ուռճացված ցուցակներ, դա ենթադրում է, որ պետք է լիներ այլ բան, բայց ապօրինաբար մեծացվել է դրա ծավալը: Ընտրական ցուցակները գուցե կազմման մեթոդաբանության առումով ընդունելի չեն, բայց երբեւեէ դա չի կարելի փոխարինել ուռճացված եզրույթով, որովհետեւ ընտրողների ցուցակներում ընդգրկվում են բոլոր այն քաղաքացիները, որոնք ունեն համապատասխան տարիք, եւ հաշվռում ՀՀ-ում: Հայաստանում բնակվել-չբնակվելու հանգամանքը ուղղակի չի մտնում այդ մեթոդաբանության մեջ: Չներկայացվեց որեւէ փաստ առ այն, որ առկա է որեւէ անձ, որի, օրինակ, 18 տարին չի լրացել, որը ՀՀ քաղաքացի չէ, չունի հաշվառում, բայց անունը ամրագրված է ընտրողների ցուցակում: Սա նշանակում է, որ այստեղ կարող է խոսք լինել ընդամենը ցուցակի կազմման մեթոդաբանության մասին, բայց ոչ ուռճացված լինելու մասին:
ԿԸՀ-ն առաջնորդվել է բացառապես ԸՕ-ի պահանջներով, հետեւաբար տարաբնույթ որակումները բացառապես քաղաքական մոտեցումներ են, որոնք ներկայացվեցին այս դահլիճում»:
ԿԸՀ նախագահն ընդգծեց, որ ԿԸՀ-ի կողմից ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշումը կայացվել է հիմք ընունելով քվեարկության արդյունքները, ամբողջ ընտրական գործընթացի ընթացքում արձանագրված, դիմում-բողոքներով իրականացված քննությունը, դրանց արդյունքում կայացված որոշումները, դատական ակտերը. «Ես կարծում եմ, որ ԿԸՀ-ի կայացրած որոշումը համապատասխանում է ԸՕ-ի պահանջներին եւ նշված որոշումն անվավեր ճանաչելու հիմքեր թերեւս չհաստատվեցին ու չամրագրվեցին: Հետեւաբար, խնդրում եմ, որ ԿԸՀ նշյալ որոշումը թողնվի ուժի մեջ»:
Ամփոփիչ խոսքով ելույթ ունեցավ նաեւ ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը, ով նշեց, որ վերահաշվարկը նրա համար չէ, որ վերահաշվարկից հետո հայտնաբերված թերությունները սփռվեն ամբողջ հանրապետության վրա, նաեւ չի եղել որեւէ տեղամասի վերաբերյալ անգամ մեկ բանավոր դիմում, որի վերաբերյալ չի եղել վերահաշվարկ:
Նա անդրադարձավ պնդումներին, որ առկա տեսաերիզներով տեղամասային ընտրական հանձնաժողովի կողմից հայտնաբերվել են բազմաթիվ թերություններ եւ ընտրախախտումներ:
«Այդ ամբողջ ծավալը կազմում է 71 հազար ժամ կամ 8 տարի: Լսողը կարող է տպավորություն ստանալ, որ այս ամբողջը նայվել է եւ դրանից առաջացել է այնպիսի ենթադրություն կամ եզրակացություն, որ տեղամասային ընտրական հանձնաժողովները արել են բազմաթիվ խախտումներ, բազմաթիվ թերություններ կան, որոնք հնարավորություն են տալիս ընտրություններն անվավեր ճանաչելու»,-ասաց Սմբատյանը:
Նա նկատեց, որ այսօր լրանում է 10 տարին, որ ինքը զբաղեցնում է ԿԸՀ քարտուղարի պաշտոնը. «Եվ ուզում եմ ասել խոսքեր, որոնք ասել եմ 2012 եւ 2017 թվականներին այս ամբիոնից. «Այսօրվա ընդդիմությունը վաղվա իշխանությունն է, այսօրվա իշխանությունը վաղվա ընդդիմությունն է: Ընտրական մարմինների նկատմամբ կարծիք հայտնելուց պետք է լինել զգուշավոր: Մենք կգնանք, չենք լինի այս դահլիճում, բայց ԿԸՀ-ն կմնա:
Ես կարող եմ ասել, որ 2021-ի հունիսի 20-ի ընտրությունների արդյունքում ԿԸՀ-ի կզմած արձանագրության թվերը համապատասխանում են, արտահյտում են, արտացոլում են հունիսի 20-ին ժամը 20-ի դրությամբ քվեատուփերում առկա քվեաթերթիկների բովանդակությանը: Նույնը կարող եմ ասել 2018-ի դեկտեմբերի 9-ի, 2017-ի ապրիլի 2-ի ընտրությունների վերաբերյալ»,-ասաց ԿԸՀ քարտուղարը:











