Այսպես կոչված անկլավների հանձնման եւ Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելու Նիկոլ Փաշինյանի պլանների իրականացումը կնշանակի, որ Հայաստանը կդադարի գոյություն ունենալ եւ կդառնա, ըստ էության, Թուրքիայի մի մասը։ Այս մասին «Քաղաքական եւ իրավական մարտահրավերները Հայաստանում ընտրություններից հետո» կոնֆերանսում հուլիսի 16-ին ասել է Գեղամ Նազարյանը, որի որդին զոհվել է 2020թ. Արցախյան պատերազմում։
Նա հիշեցրել է, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունում ոչ մի խոսք չկա այսպես կոչված «անկլավների» մասին։
«Դա Նիկոլի հերթական նվերն է, որը նա ցանկանում է մատուցել Ալիեւին։ Դա նրա անձնական նախաձեռնությունն է։ Նման փաստաթուղթ չկա, եւ բոլորը դա գիտեն, դրա համար պետք չէ հնարքներին հավատալ։ Իսկ այսպես կոչված խաղաղության մասին փաստաթղթի նպատակը լինելու է Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելը։ Փաշինյանը չի էլ թաքցնում իր մտադրությունները։ Երբ նա ասում է, որ մանդատ է ստացել խաղաղություն հաստատելու համար, ապա նկատի ունի Հաաստանի վերջնական կապիտուլյացիան։ Հայաստանի առջեւ կանգնած է մեկ մարտահրավեր հանձին մեկ մարդու, որը բռնազավթել է իշխանությունը եւ չի թաքցնում իր պլանները։ Մեր բոլոր ռեսուրսները պետք է ուղղված լինեն այն բանին, որպեսզի այդ մարդուն ոչ միայն հեռացնենք իշխանությունից, այլեւ մեկուսացնենք նրան»,- ավելացրել է Նազարյանը։
Նա վստահություն է հայտնել, որ լրագրող Հոխիկյանի հրապարակման հետ կապված՝ պետք է քրեական գործ հարուցվի։
«Տականքները, որոնք մեր երեխաներին ուղարկեցին իսկական մահվան, իսկ հետո հանձնեցին Արցախը, պետք է պատժվեն։ Համայնքների ղեկավարների հետապնդումները, ինչն այսօր տեսնում ենք, հետապնդումներ են ոչ միայն այդ մարդկանց, այլեւ մեր բոլորի դեմ»,- նշել է Նազարյանը։
Նա հիշեցրել է Ալիեւի եւ Փաշինյանի գործողությունների համընկնման մասին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նկատմամբ։
«Մենք գործ ունենք թուրք-ադրբեջանական ցանցի առաջնորդի հետ։ Պետք է խորհրդարանում ստեղծել քննչական հանձնաժողով։ Մեր բոլոր հայրենակիցները պետք է իմանան, թե ինչ հրեշի հետ գործ ունենք»,- ամփոփել է Նազարյանը։











