Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 22-ի նիստում Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման առաջին միջոցառման մասին որոշման մեջ փոփոխություն կատարեց:

Հարցը ներկայացրեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ նշելով, որ նախ այս փոփոխություններով թույլ են տալիս, որ այս ծրագրից օգտվեն Սյունիքի մարզում կառուցապատում իրականացնող ընկերությունները. «Նախկինում կառուցապատման ոլորտը չի մտել այս ծրագրի մեջ, բայց հիմա մենք ուզում ենք խևրախուսել այն կառուցապատողներին, որոնք Սյունիքի մարզում կառուցապատում են իրականացնում:

Մենք փոխում ենք ծրագրի տրամաբանությունն այնպես, որ այս ծխրագրի շահառու դառնան  այն ընկերությունները, որոնք դեռ չեն վերականգնվել կորոնավիրուսի եւ պատերազմի հետեւանքով առաջացած տնտեսական դժվարություններից: Դրա համար այս հատվածի համար որպես նպատակ սահմանել ենք հարկային եւ վարկային ներկա եւ ապագա պարտավորությունների կատարումը: Դրանով ուզում ենք ընկերություններին մոտավորապես 6 ամսվա թթվածին տալ, որ նրանք կենտրոնանան վերականգնվելու պրոցեսի վրա եւ ծանրաբեռնված չլինեն վարկային ու հարկային ժամկետանց ու ընթացիկ պարտավորություններով»,-ասաց նախարարը:

Նա հավելեց, որ մի կարեւոր պայման կա. այդ ընկերությունները 90-օրյա ժամկետում պետք է դառնան բաժնետիրական ընկերություններ եւ սկսեն ներդնել կորպորատիվ կառավարման սկզբունքները:

«Նաեւ ավելացրել ենք ֆինանսավորման ընդհանուր չափը, որը 250 մլն դրամից բարձրացրել է 1 մլրդ դրամի»,-ասաց նախարարը:

Իր հերթին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ այս ծրագրով վարկերի տոկոսների սուբսիդավորում է իրականացվում:

«Առաջին մեկ տարվա համար վարկը զրո տոկոսով է լինելու, հետո արդեն պետք է դառնա կոմերցիոն վարկ»,-ասաց Քերոբյանը: