Արցախյան 44-օրյա պատերազմից հետո երևանյան հանրակացարանում ժամանակավորապես բնակվող արցախցի ընտանիքներից պահանջում են լքել բնակարանները, բայց փախստական դարձած արցախցիները գնալու տեղ չունեն:

NEWS.am-ի հետ զրույցում արցախցիները պատմել են, որ հանրակացարանում փետրվարից ենք բնակվում. այն ժամանակ ասել են, որ կարող են հանգիստ բնակվել այնքան ժամանակ, մինչև իրենց բնակարանային հարցերը կարողանան կարգավորել:

«Ասել են՝ տան հարցերը մինչև չլուծվեն, չենք հանի, հանգիստ մնացեք, հիմա եկել ասում են՝ 10 օր ժամանակ, հնդիկ ուսանողներ են գալու, նրանք շատ են վճարում: Սոցապից մի տեղ են առաջարկում, որտեղ չես կարող անչափահաս երեխայի մեծացնել, ոչ տուն ունենք գնալու, ոչ տեղ, վաղը վերջին օրն է»,- պատմեց արցախցի կանանցից մեկը:

Փախստականներն ասում են, որ այլ բնակարան գտնելն առավել քան բարդ է:

«Հարցնում են՝ ղարաբաղցի ե՞ք, ՛ասում ենք հա, մերժում են: Սա ի՛նչ վերաբերմունք ա, բա որ հայն ա սենց անում, բա թուրքն ինչ պիտի անի: Թուրքը դուրս քցեց մեր տնից, դուք էլ ստեղ եք դուրս գցում, բա տենց բա՞ն կլինի: Ոչ փող եմ ուզում, ոչ էլ ուրիշ բան, իմ տունը տան, ես գնամ»,- արցունքները հազիվ զսպելով՝ արցախցի կինն է պատմում:

Շեշտում են՝ չեն եկել մշտական բնակվելու նպատակով, պարզապես ցանկանում են՝ որոշակի ժամանակ թույլ տան բնակվել, մինչև կեցության վայրի հարցը կկարողանան կարգավորել. Արցախ են ուզում գնալ:

«Գոնե մեր փախստականի կարգավիճակը տրամադրեն, որ կարողանան հնարավորության դեպքում արտերկիր մեկնել, երեխաների համար ապագա կարողանանք ստեղծել: Մենք տուն չունենք, ոչինչ չունենք»,- նշում են արցախցիները: