Դահլիճում երեկ հնչած բազմաթիվ քննադատություններ ուղղված Պաշտպանության հանձնաժողովի վերահսկողական աշխատանքին տեղին չեն շատ ասպեկտներով, որովհետեւ քննադատողների մեծ մասն իրականում տեղյակ էլ չէ, թե Պաշտպանության հանձնաժողովը ողջ կազմով եւ Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ ինչ գործունեությամբ է զբաղվել այս 2,5 տարիների ընթացքում։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 10-ին, ԱԺ-ում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը։

«Դրա պատճառը մեկն է. մեր հարգելի գործընկերները հիմնականում ԱԺ-ի գործունեության մասին տեղյակ են այնքանով, որքանով որ մամուլում տեղ են գտել հրապարակումներ տարատեսակ մտքերով, անձնական դիրքորոշումներով, որոնք ընդհանրապես կապ չեն ունեցել Պաշտպանության հանձնաժողովի աշխատանքի հետ»,- ասաց Արփի Դավոյանը։

Նա անդրադարձավ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի երեկվա ելույթին.

«Սեյրան Օհանյանը նշեց, որ պատերազմի ժամանակ քաոս ու խառնաշփոթ էր ստեղծվել։ Այդ քաոսը ու խառնաշփոթը ստեղծված էր նաեւ որո մարդկանց ուղղորդված հրապարակումների շնորհիվ, դուք շատ լավ գիտեք, որովհետեւ դուք՝ որպես բանակին մոտ կանգնած մարդ, շատ լավ տեղյակ եք եղել, թե ներսում ինչ է կատարվել, թե դրսում ինչ է կատարվել։ Դուք անընդհատ ասում եք՝ ինքնաքննադատություն չկա։ Այս Խորհրդարանում եւ Կառավարությունում այնքան ինքնաքննադատություն կա իրականում, որ չի եղել երբեք Հայաստանի ոչ մի Կառավարությունում։ Մենք բազմաթիվ անգամ նշել ենք մեր սխալների մասին։ Ասում եք, որ չի կարելի ասել՝ փայլուն գնահատական ենք տալիս օրինակ՝ COVID-19-ի դեմ պայքարին, ասում եք, որ գնահատականները լինում են՝ վատ, լավ եւ բավարար։ Կուզեի, որ նման գնահատական տայիք այս պատերազմի ժամանակ իրենց մասնակցությունն ունեցածներին։ Կուզեի, որ ձեր սանդղակով գնահատական տայիք նաեւ մարտական գործողություններին մասնակցած ձեր որդուն։  Ասում եք, որ ԶՈՒ-երի ղեկավարության երիտասարդացրել ենք։ Վիգեն Սարգսյանին մենք չէինք նշանակել, դուք էիք նշանակել, ամենաերիտասարդ ՊՆ նախարարին»։

Դավոյանը նշեց, որ միասին կպայքարեն կոռուպցիայի դեմ եւ կտեսնեն, թե ովքեր ինչ ունեցվածքներ են ունեցել, ինչեր են ձեռք բերել տարիների ընթացքում եւ ինչերից են խոսում։

«Կտեսնենք՝ ով ինչ աշխատավարձեր է ստացել եւ ինչ ունեցվածք ունի այսօր, ինչ գույքի է տիրապետում եւ կխոսենք այդ մասին։ 2018թ.-ի մայիսից հետո ստեղծվել էր ոչ իրական մի իրավիճակ, որին բոլորդ հավատացիք։ Այստեղ նստած մարդիկ հավատացին մի իրականության, որն ընդհանրապես չէր համապատասխանում ՀՀ-ում տեղի ունեցող գործընթացներին։ Դուք հավատացիք լրատվամիջոցների ստեղծած իրականությանը եւ այդպես գնացիք ընտրությունների։ Ասում էիք, որ ձեզ որպես ընդդիմություն չեք զգում, որպես իշխանություն եք քարոզարշավ անում։ Դա էլ ձեր կերտած իրականության պատճառն էր»,-  ասաց Արփի Դավոյանը։