Ես քրեական գործերի ֆիգուրանտ չեմ, որոնցով անցնում է իմ հայրը: Այս մասին այսօր՝ օգոստոսի 10-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցությունից պատգամավոր Դավիթ Սեդրակյանը:

Նա պարզաբանեց, որ այդ գործերի շրջանակում մեղադրանքներ են առաջադրվել, որոնց մի մասն արդեն դատարանում է, մյուս մասը՝ նախնական քննության փուլում:

«Կարծում եմ՝ պետք է սպասել դատարանի որոշմանը: Հնարավոր է, որ մոտ ժամանակներս հանրությունը ստանա այդ բոլոր հարցերի պատասխանը»,-նշեց պատգամավորը:

Ինչ վերաբերում է լրագրողների հետ կապված միջադեպերին, ապա դրանք, նրա խոսքով, կարող են կապ ունենալ հոր տարիքի հետ: «Կարող եմ ասել, որ այդ միջադեպերը կարճ ժամանակում հարթվել են»,-նշեց նա:

Սեդրակյանը հիշեցրեց, որ ԱԺ փոխխոսնակի պաշտոնում Իշխան Սաղաթելյանի ընտրման հարցով առաջին քվեարկության ժամանակ, երբ նա բացակայում էր, մեկ անվավեր քվեաթերթիկ է գրանցվել, ինչը իշխանությունից պատգամավորների կողմից կես ժամանոց մանիպուլյացիայի առիթ է դարձել:

«Երկրորդ քվեարկության ժամանակ նման արդեն 5 քվեաթերթիկ կար: Ընդդիմադիր ուժերին առաջարկվել է չմասնակցել քվեարկությանը, որպեսզի իշխող կուսակցությունն ընտրի Սաղաթելյանին: Դա եւս մանիպուլյացիա է: Սակայն իշխանությունը թերագնահատեց ընդդիմությանը»,-եզրափակեց պատգամավորը:

Նշենք, որ Դավիթ Սեդրակյանը ՀՀԿ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի (Թոխմախի Մհեր) որդին է: