Պաշտպանության նախարարությունում ապրիլյան քառօրյա ռազմական գործողությունից հետո բավականին մեծ ծավալի վերլուծունություններ էին կատարվել, որի ժամանակ նախարարության ղեկավարներն իրենք իրենց չէին խնայել։ Խոսելով ապրիլյան քննիչ հանձնաժողովի մասին, լրագրողների հետ զրույցում ԱԺ–ում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

«Եթե դուք տեսնեիք, թե ովքեր էին զինվորականության կողմից այն փորձագետները, որոնք այդ հանձնաժողովում աշխատել են, նրանք մարդիկ էին, որոնց մի մասին ես նախարարությունից հեռացրել եմ։ Ապրիլյան հանձնաժողովը քաղաքական հեռահար նպատականեր էր ունեցել։ Դրա համար էլ զեկույցը հանրությանը չեն ներկայացրել։ Ասում են՝ ԱԺ–ում կա այդ զեկույցը, կփորձենք ծանոթանալ»։

Անդրադառնալով սահմանային իրավիճակին, Օհանյանը շեշտեց, որ ժամանակին ռազմավարական կարեւոր կետերը, ճանապարհներ, բարձունքներ չզբաղեցնելու պատճառով, ադրբեջանցիները եկել ու խցկվել են մեր տարածք ու կահավորում են, ինժեներական աշխատանքներ անում՝ հեռահար նպատակներով։

«Հետագայում խաղաղության պայմանագիր կնքելուց հետո իրական սահմանազատում իրականացնելու ժամանակ Հայաստանի վրա ճնշում գործադրելու համար, ինչպես խորհրդային տարիներին՝ կամաց–կամաց մեր տարածքներից պոկելով»,– ասաց Օհանյանը՝ հավելելով, որ խաղաղության պայմանագիր կնքելուց հետո սահմանային սադրանքներ էլի լինելու են, ավելին, այդպիսի պայմանագրով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ենք ճանաչելու, որը հարված է Արցախի Հանրապետության անվտանգությանն ու ինքնորոշմանը։

Իսկ ճանապարհների ապաշրջափակման վերաբերյալ էլ ընդդիմադիր խմբակցության ղեկավարը կարծում է, որ դա Հայաստանին բերելու է խորը տնտեսական շրջափակման։