Եթե հոկտեմբերի 19-ին համաձայվեինք զինադադարին, ապա այսպես-այնպես կլիներ, իսկ ո՞վ է երաշխավորը, որ հոկտեմբերի 19-ին մեր համաձայնության դեպքում զինադադարը լինելու էր։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 11-ին, ԱԺ-ում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը։
«Չէ՞ որ մինչեւ այդ Թրամփը, Մակրոնը եւ Պուտինը երեք անգամ փորձել էին այդ զինադադարի համար միջնորդել, բայց դա չէր եղել։ Պատմությունն ատում է «եթե» բառը։ Պուտինն էր ասել դրա համա՞ր, Պուտինը դրանից առաջ էլ էր միջնորդություն ներկայացրել, բա ինչո՞ւ չեղավ այդ զինադադարը։ Եթե մենք մեկնաբանում ենք Պուտինի մտքերը, ապա ինչո՞ւ չենք մեկնաբանում հունիսի 20-ից հետո Նիկոլ Փաշինյանի վերանշանակման կապակցությամբ նրա շնորհավորական ուղերձի խոսքերը, որ ձեր գլխավորությամբ հայ-ռուսական հարաբերությունները կզարգանան եւ հույս ու վստահություն է հայտնում, որ նոր կառավարության ղեկավարությամբ Հայաստանը կհասնի տարածաշրջանային խաղաղության ու կայունության։ Ինչո՞ւ ենք մեզ փորձում անտեղի ներքաշել Ռուսաստանի ներքաղաքական ինտրիգների մեջ»,- ասաց պատգամավորը։
Ըստ Թորոսյանի՝ Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական գործընկերն է, եւ Հայաստանը պետք է շատ հարգի ու սիրի իր ռազմավարական գործընկերոջը.
«Արդյոք հարգա՞նք է Ռուսաստանի պետության նկատմամբ Նավալնիի կարգավիճակի վերաբերյալ հարցադրումները, ի՞նչ ենք ուզում դրանով ասել, անկեղծ չեմ հասկանում։ Ուզում ենք ասենք, ինչ-որ մեկն այստեղից սայթաքի՞, հայ-ռուսական հարաբերությունները գլխիվայր շուռ գա՞ն, մենք էլ կողքից թամաշա անե՞նք։ Հասկանում եմ, որ սա քաղաքական ամբիոն է, քննադատության, փոխադարձ մեղադրանքներ եւ այլն։ Վրաստանի, Իրանի կամ Ռուսաստանի Պետդումայում տեսե՞լ եք մի օր Հայաստանի ներքաղաքական խնդիրները քննարկվեն։ Պուտինն ասում է, որ Նավալնին իրենց երկրի թշնամին է, այդ տեսանկյունից գնահատեք վիճակը, ոչ թե այստեղ հարցադրում բարձրացնենք»։











