Ըստ ԽՍՀՄ քարտեզների՝ կան Հայաստանի վերահսկողության տակ գտնվող ադրբեջանական տարածքներ, եւկան Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հայկական տարածքներ: Այս մասին օգոստոսի 11-ին խորհրդարանում հայտարարեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր, ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավարի պաշտոնի թեկնածու Վահե Ղալումյանը:

«Ես նշեցի ոչ միայն Հայաստանի Տավուշի մարզի ադրբեջանական հողերի, այլեւ այն հայկական հողերի մասին, որոնք գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ»,- ասաց նա:

Պատգամավորը բացատրեց, որ անհնար է այս թեմայով հանրային քննարկումներ անցկացնել:

«Այսօրվա սահմանները չեն համապատասխանում նրան, ինչ կա Խորհրդային Միության քարտեզների վրա: Մենք խոսել ենք այս մասին, բայց ես երբեք չեմ խոսել հողերը հանձնելու կամ փոխանակելու մասին: Ես նման պատկերացում չունեմ: Հանձնման կամ փոխանակման հարց օրակարգում չկա: Ես երբեք ճշմարտության մասին խոսելը բեռ չեմ համարել: Կարծում եմ, որ ժողովրդի հետ խոսելիս խնդիրների մասին ճշմարտությունը պետք է ասել: Իսկ սահմանին ապրող ժողովուրդը լիովին տեղյակ է այդ խնդիրներին»,- ասաց Ղալումյանը:

Պատգամավորը նաեւ հիշեցրեց, որ Նիկոլ Փաշինյանը խոսել է հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտության մասին, որը պետք է սահմանազատում եւ սահմանագծում իրականացնի:

Հիշեցնենք, որ Ադրբեջանը, ի տարբերություն Հայաստանի, խորհրդային հանրապետության իրավահաջորդ չէ, եւ, համապատասխանաբար, չի կարող հավակնել խորհրդային սահմանների գաղափարի «ժառանգությանը»: