Նոր Google արեցի, գրեցի՝ «Սորոս» եւ «ՀՅԴ» բառերն իրար հետ, ու տեսնեմ ի՞նչ կբերի։ ԱԺ ամբիոնից ասաց փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը՝ հավելելով 2012–2015–ին «Երկիր մեդիան» ստացել է Սորոսի հիմնադրամից 237 հազար դոլար դրամաշնորհ։
«Այդ դեպքում շնորհավորում եմ ձեզ Ջորջ Սորոսի ծննդյան կապակցությամբ, մաղթում եմ երկար տարիների կյանք Սորոսին հանուն «Երկիր մեդիայի»»,- ասաց Ռուբինյանը։
Անդրադառնալով կառավարական առանձնատունը զինվորներին հատկացնելու ընդդիմության առաջարկին, Ռուբինյանը նշեց, որ դա պոպուլիզմ է. «Երբ քաղաքական ուժը տեսնում է խնդիր հիշյալ զինծառայողներին ինչ–որ բան ապահովելու, առաջարկում է լուծում։ Ինչպես ստացվեց, որ դուք այս լուծումն առաջարկեցիք։ Մամուլում դա կհնչի այսպես՝ այս իշխանությունները չեն ուզում պատերազմում տուժած զինծառայողներին որեւէ բանով ապահովել, նստած են իրենց կառավարական առանձնատներում եւ ոչինչ չեն ուզում անել։ Սա մաքուր պոպուլիզմ է»։
Ռուբինյանը հիշեցրեց 2018–ի կառավարության նիստերից մեկը, երբ Արծվիկ Մինասյանը նախարար էր եւ Սերժ Սարգսյանին կառավարական առանձնատունը նվիրաբերելու որոշմանը չի առարկել, սակայն Նիկոլ Փաշինյանի իշխանության ժամանակ էլ դեմ չի եղել այդ որոշման չեղարկելուն։
Խոսելով խորհրդարանի անվտանգության միջոցառումների մասին էլ, Ռուբինյանը զարմանք հայտնեց, թե ինչու է դա խանգարում ընդդիմությանը։ «Ձեզ դա ինչո՞վ է խանգարում։ Ես կարծում եմ, որ դուք չեք նախապատրաստում ոչինչ, որոշները կպնդեն, որ ձեր քաղաքական թիմերը այդպիսի անցյալ չունեն, որոշները՝ չեն պնդի, խնդիրը ո՞րն է չեմ հասկանում։ ԱԺ դահլիճ մտնելուց ստուգում են, դժվարությունը ո՞րն է։ Եթե որեւէ բան ձեր մտքով չի անցնում։ Պարոն Մինասյան, լավ չէ, որ բոլորս հանգիստ նստած ենք։ Եկեք, այդ մեկ վայրկյանը զոհենք, որպեսզի չզոհենք մարդկանց», –ասաց նա ու նորից հիշեցրեց 1999–ի հոկտեմբերի 27–ի ահաբեկչությունը։











