«Եռաբլուր» զինվորական պանթեոնում 11 օր է՝ սկսվել են շիրմաքարերի տեղադրման աշխատանքներ։ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների համար միատեսակ շիրմաքարեր են տեղադրվելու։ NEWS.am-ի հետ զրույցում գեներալ-մայոր, պաշտպանության նախարարի խորհրդական Վարդան Ավետիսյանն ասաց, որ նախաձեռնության մասին Պաշտպանության նախարարությունը ծնողներին տեղեկացրել էր դեռ ամիսներ առաջ, որպեսզի նրանք շատ ծախսեր չանեն։ 

«Ծնողների մտահոգությունն այն է, որ շուտով մոտենում է երեխաների մահվան տարելիցը, բայց մենք էլ ասում ենք, որ առայսօր հուղարկավորություններ են կատարվում։ Այստեղ օր էր լինում, մինչև 18 հուղարկավորություն էր կատարվում։ Ծնողների վրդովմունքը կիսելով՝ փորձում ենք, որ իրենք էլ մեզ հասկանան»,- նշեց նա։

Ծնողներին շիրմաքարերի վեց տարբերակ է ներկայացված։ Ծնողների մեծ մասը հակված է Չելյաաբինսկի սև մարմարի տարբերակի վրա։

«Մենք երկու օրից կամփոփեք արդյունքները և կգանք ընդհանուր հայտարարի։ Ի սկզբանե որոշել էինք, որ նախապատվությունը տալու էինք այն քարին, որի գերակշիռ մասը կընտրեն ծնողները, բայց հետագայում խնդիրներ առաջացան, որովհետև ծնողների մեծ մասը կանգնեցին տարբեր կարծիքների վրա և իրենք ցանկանում են, որ իրենց կամքը հաշվի առնվի։ Ամեն դեպքում քարի չափսերը լինելու են նույնը․ բարձրությունը՝ 1 մետր 20 սմ, տապանը՝ 1 մետր 20 սմ, լայնությունը՝ 60 սմ, հաստությունը՝ 13 սմ»,- ընդգծեց Վարդան Ավետիսյանը։

Քարերի նախագիծը կատարել է Պաշտպանության նախարարության կապիտալ շինության վարչությունը։ Հումքը կներկրվի արտերկրից, հիմնականում Ռուսաստանից, Ուկրաինայից և Չինաստանից։

44-օրյա պատերազմում զոհված 882 զինծառայող է հուղարկավորված «Եռաբլուրում»։ Այն զինծառայողների տապանաքարերի վրա, որոնց աճյուններն ամբողջությամբ չեն գտնվել, բաց թողնված պատուհաններ կլինեն, որ հետագայում մասունքներ գտնելու դեպքում նորից հուղարկավորեն։

«Եռաբլուրի» շինարարական աշխատանքները կավարտվեն մինչև տարվա վերջ։ Տարածքը բաժանված կլինի չորս հարթակի. կլինեն ծառեր, սիզամարգեր, ճեմուղիներ և լուսավորություն։