Օգոստոսի 15-ին Հրազդան քաղաքում դանակահարություն էր եղել:

NEWS.am-ին Ոստիկանության լրատվության ծառայությունից հայտնում են, որ ժամը 19.30-ի սահմաններում երկու տղամարդ Միկրոշրջան թաղամասում կենցաղային հարցերի շուրջ վիճել էին, քաշքշել իրար, եւ վեճն ավարտվել էր դանակահարությամբ: Դեպքից րոպեներ անց բժշկական կենտրոնից ոստիկանության Հրազդանի բաժին ահազանգ ստացվեց, որ կրծքավանդակի ձախ կեսի ծակած-կտրած վերքով 33-ամյա տղամարդ է բժշկական կենտրոն տեղափոխվել:

Դեպքի առթիվ հարուցվեց քրեական գործ: Հաղորդումից մեկ օր անց պարզվեց կասկածյալի ինքնությունը:

Քրեական հետախույզները տեղեկություններ ստացան, որ Միկրոշրջան թաղամասի շենքերից մեկի հարակից դաշտում տուժողին դանակահարել էր նույն թաղամասի 31-ամյա մի բնակիչ: Բացատրական աշխատանքի շնորհիվ օգոստոսի 16-ին տղամարդը ներկայացավ ոստիկանության Հրազդանի բաժին:

Նա ներկայացվել է Կոտայքի մարզային քննչական վարչություն եւ տվել խոստովանական ցուցմունք:

Միջոցառումներ են ձեռնարկվում՝ դանակը հայտնաբերելու ուղղությամբ:

Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: