Գորիսի փոխհամայնքապետ Իրինա Յոլյանը միշտ քննադատել է այս իշխանությանը, ականատես ենք լինում այն իրողություններին՝ ովքեր քննադատում են իշխանությանը շատ քիչ ժամանակ անց գտնվում են անազատության մեջ կամ մեղադրյալի կարգավիճակ են ձեռք բերում։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 18-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Յոլյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։
Նշենք, որ այս պահին դատարանը քննում է Յոլյանին կալանավորելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը։
Անդրադառնալով նրան առաջադրված մեղադրանքին՝ Ալեքսանյանն ասաց. «Ասում են՝ իբրեւ թե խախտվել է սոցիալական օգնությունների տրամադրման համապատասխան կարգ, եւ պետությանը պատճառվել է համապատասխան վնաս։ Այսինքն՝ տրամադրվել են իբրեւ օգնություններ այնպիսի անձանց, որոնք իրականում կարիքավոր չեն եւ որեւէ խնդիր չունեն։ Մենք մեղադրանքը չենք ընդունում, հրաժարվել ենք ցուցմունք տալուց։ Պայմանականորեն ընդունենք՝ կարգը խախտվել է, եթե կա կարգի խախտում, այն իր մեջ նաեւ կարող է պարունակել կարգապահական զանցանքի հատկանիշներ։ Տվյալ դեպքում ինչպե՞ս է վարույթն իրականացնող մարմինը տվել սահմանումը կարգապահական զանցանքի եւ հանցագործության։ Այդ դեպքում ինչո՞ւ չպետք է կիրառվի կարգապահական զանցանի հարաբերությունները, այլ պետք է քրեական պատասխանատվության եւ քրեական հացագործության հարաբերությունները պարունակեն»։
Ալեքսանյանն ասաց, որ այդ օգնությունները տրամադրվել են քաղաքացիներին. «Այն քաղաքացիներին, որոնք դիմում են գրել, բոլորը գրում են հետեւյալը՝ ունենք խնդիրներ, կարիքավոր ենք, խնդրում ենք՝ տրամադրել օգնություն, համայնքապետարանն էլ այդ օգնությունները տրամադրել է։ Այդ մարդիկ այդ գումարներն իրենց գրպանը չեն դրել, այդ քաղաքացիները նրանց հետ որեւէ բարեկամական կապի մեջ չեն գտնվում։ Օգնություն տալու համար անձին պետք է մեղադրանք առաջադրե՞ն եւ դատապարտե՞ն»։
Պաշտպանը պնդեց, որ Իրինա Յոլյանի ձերբակալումը ոչ իրավաչափ է.
«Նոր Քրեական դատավարության օրենսդրության կարգավորման համաձայն՝ ձերբակալման պատճառներից մեկը հանդիսանում է որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ քննարկմանը դատարան ներկայացնելու նպատակով։ Ձերբակալման արձանագրության մեջ մենք նշեցինք, որ այդ պատճառն այնքանով գոյություն չունի, որ քննիչի կողմից այդ նպատակի իրագործումն իրականում հայեցողական իրավունք է։ Մյուս հայեցողական իրավունքն այդ նպատակի իրագործման շրջանակներում՝ համապատասխան ծանուցմամբ հրավիրելն ու տեղեկացնելն է, որ մեղադրյալի նկատմամբ պետք է քննարկվի կալանավորման հարցը։ Մենք քննիչին հարց ենք ուղղում՝ ինչո՞վ է պայմանավորված, որ կիրառվում է ավելի ոչ բարենպաստ հայեցողական իրավունքը։ Մեզ չներկայացրին որեւէ փաստական տվյալ, որեւէ հիմնավորված դատողություն այն մասին, որ ավելի հայեցողական իրավունքի իրագործումը չի լինի արդարացված։ Մենք գտնում ենք, որ ձերբակալման արձանագրությունը կազմվել է ոչ իրավաչափ ձեւով»։











