Մենք մտադիր ենք հասնել տարեկան 7 տոկոս տնտեսական աճի, իսկ թիրախյին ցուցանիշը 9 տոկոսի մակարդակում է, սակայն այս թվերը ներկայացված են առանց հաշվի առնելու հաղորդակցության ապաշրջափակման հնարավոր հետանքները, և մենք հույս ունենք, որ դա կհեշտացնի կառավարության ծրագրի իրականացումը: Այս մասին օգոստոսի 18-ին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

Նրա խոսքով` ամեն ինչ պետք է արվի, որպեսզի Հայաստանի տնտեսությունը շարունակի մնալ մրցունակ, այդ թվում` հաղորդակցությունների ապաշրջափակման դեպքում:

«Մենք պետք է կառուցենք 500 մանկապարտեզ, 300 դպրոց, 50 հիվանդանոց, ինչպես նաեւ` ջրամբարներ, ճանապարհներ, էներգետիկ ենթակառուցվածքներ: Մեր ամենակարեւոր ռեսուրսը հայ ազգի ռեսուրսն է, այդ թվում` մարդկային ռեսուրսները, ֆինանսական ռեսուրսները եւ նրանց կապերն աշխարհով մեկ: Սփյուռքի հետ համագործակցությունը նախկինում սահմանափակվում էր միայն օգնություն տրամադրելով, ուստի անհրաժեշտ է անցնել փոխշահավետ համագործակցության ձեւաչափին: Նախ` տեղական բիզնեսը պետք է ներդրող լինի մեր երկրում, երկրորդ տեղում է սփյուռքը, երրորդում` օտարերկրյա ներդրումները: ԵՄ եւ այլ միջազգային գործընկերների հետ համագործակցությունը նույնպես կարեւոր է: Մենք իդեալական երկիր չենք դատաիրավական համակարգի, տնտեսության եւ այլ գործոնների տեսանկյունից, ուստի պետության խնդիրն է բարելավել բիզնեսի վարման պայմանները»,- ընդգծեց Քերոբյանը:

Երկրի տնտեսությունը, ըստ նախարարի, աճում է սպասվածից արագ:

«Կառավարությունը մտադիր է փոքր եւ միջին բիզնեսի մասնաբաժինը երկրի տնտեսության մեջ 30 տոկոսից հասցնել 50 տոկոսի: Սա նշանակում է, որ աճը ներառական է լինելու, այսինքն՝ գործընթացում ներգրավվելու են բազմաթիվ ընկերություններ, որոնք, սակայն, չպետք է իրենց ռազմավարությունը կառուցեն հարկեր վճարելուց խուսափելու վրա»,- ասաց նա:

Պատասխանելով տնտեսական զարգացման տեսանկյունից պատերազմի հնարավոր հետեւանքների մասին հարցին՝ Քերոբյանը հիշեց, որ պատմությունը շատ դեպքեր գիտի, երբ երկրները վերականգնվել են պատերազմում ցավալի պարտություններից հետո: Որպես օրինակ կարելի է բերել Ճապոնիան եւ Գերմանիան»,- եզրափակեց նախարարը: