Օգոստոսի 18-ի երեկոյան ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Երեւան քաղաքի վարչության ու ենթակա ստորաբաժանումների, պարեկային ծառայության ու ճանապարհային ոստիկանության ծառայողները մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում իրականացրել են ուժեղացված ծառայություն։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Ոստիկանությունից։

Անձնակազմին հրահանգավորել է ոստիկանության պետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանը։ Հասարակական կարգի պահպանություն, ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովում, հանցագործությունների եւ վարչական իրավախախտումների կանխում ու բացահայտում՝ ուժեղացված ծառայության ուղղություններն են, որոնք ստորաբաժանումների ղեկավարներին ներկայացրեց ոստիկանության պետի առաջին տեղակալը։ Արամ Հովհաննիսյանը անձնակազմից պահանջել է քաղաքացիների հետ շփումներում լինել կոռեկտ, միեւնույն ժամանակ՝ խիստ, գործել բացառապես օրենքի տառին համապատասխան ու իրավաչափ։ Հրահանգավորումից հետո անձնակազմն անցել է ուժեղացված ծառայության։

Երեւանում եւ Երեւան մտնող ճանապարհահատվածներում իրականացված ուժեղացված ծառայության ընթացքում տարբեր կասկածանքներով բաժիններ բերման են ենթարկվել 82 անձ, ստուգվել է 900-ից ավելի տրանսպորտային միջոց։ Կատարվել են խուզարկություններ ու զննություններ, որոնց արդյունքում հայտնաբերվել են տարբեր տեսակի հրազեններ, դանակներ, կռփազենքեր, մահակներ ու կեղծ համարանիշեր։

Բացի այդ, ոստիկանության Արաբկիրի բաժնում արձանագրվել է ապօրինի ինքնաձիգի եւ պայթուցիչներով նռնակների կամավոր հանձնման դեպքեր։ Ուժեղացված ծառայության ընթացքում բացահայտվել են նաեւ ապօրինի թմրաշրջանառության դեպքեր. հայտնաբերվել են տարբեր տեսակի թմրամիջոցներ՝ ընդհանուր 9 գրամ քաշով։