ԵՏՄ երկրների տնտեսությունն աստիճանաբար վերականգնվում է: Այս մասին ԵՏՄ երկրների միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ ասել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Պանդեմիայի շրջանը ցույց տվեց, որ մեր միությունն ունակ է օպերատիվորեն եւ ճկուն կերպով ադապտացվել տարբեր մարտահրավերների եւ փոփոխությունների: Շնորհիվ համատեղ գործողությունների՝ ԵՏՄ տնտեսությունն աստիճանաբար վերականգնվում է: Ընդհանուր առմամբ, մակրոտնտեսական ցուցանիշները վատը չեն: Առաջին կիսամյակի արդյունքներով գյուղմթերքի արտադրությունն ավելացել է 0,6 տոկոսով, արդյունաբերական արտադրության ծավալները՝ 4,4 տոկոսով, մշակվող արդյունաբերության արտադրությունը՝ 6,5 տոկոսով»,-ասել է նա:
Նա ԵՏՄ երկրներին կոչ է արել աշխատել իրենց տնտեսությունների թվայնացման արագացման ուղղությամբ:
«Կան որոշ արդյունքներ: Հուլիսի սկզբից թողարկվել է առանց սահմանների աշխատանքի որոնման համակարգ: Օգտվելով ծառայությունից՝ կարելի է հարմար աշխատանք գտնել ամբողջ միության տարածքում: Դա վառ օրինակ է, որ ժամանակակից լուծումները նոր հնարավորություններ են բացում մի ամբողջ ճյուղի, տվյալ դեպքում՝ աշխատաշուկայի զարգացման համար»,-հավելել է Միշուստինը:











