Ալիխանյան եղբայրներ փողոցի 6/1 հասցեն՝ «Ֆիզգորոդոկը» փաստաթղթով հուշարձանային տարածք է։ Այս մասին ասօր՝ օգոստոսի 23-ին, լրագրողների հետ զրույցում ասաց բնակիչներից մեկը։

«Մենք մեր արժեքները քանդում ենք։ Փորձագետները երբ հուշարձանային տարածք են հայտնաբերում, այդ ժամանակվանից այդ ամեն ինչը դադարեցվում է։ Սա թաղամաս է, որն արժեք ունի։ Սա գիտական թաղամաս է եղել։ Իզուր չէ, որ այդ փորձագիտական խմբի 10 անձանցից 8-ը կողմ քվեարկել, որպեսզի այս թաղամասն ընդգրկվի հուշարձանների ցանկում։ Պարոն Ավինյանի աջակցությամբ ճնշում է եղել փորձագիտական խմբի վրա, որպեսզի այս շինհրապարակը հանվի։ Գուցե պարոն Ավինյանին էլ են սխալ ներկայացրել։ Հայաստանի արժեքավոր թաղամասերից մեկը վտանգված է»,- ասաց բնակիչներից մեկը։

Անդրադառնալով մի քանի օր առաջ ոստիկանների եւ բնակիչների միջեւ քաշքշուկին՝ բնակիչն ասաց. «Որոշները ցավեր ունեն, մեր ընկերոջ կնոջ ճկույթն է կոտրվել։ Հիվանդանոցում մի մարդ կա, որին ստենդ են տեղադրել»։

Նշենք, որ այդ հասցեում ընթանում են բարձրահարկ շենքի կառուցման շինաշխատանքներ, սակայն բնակիչները պնդում են, որ գործընթացը հակաօրինական է։ Օգոստոսի 20 եւ 21-ին  բնակիչների ու ոստիկանների միջեւ քաշքշուկ էր տեղի ունեցել։