Մենք պլանավորում ենք էական բարեփոխումներ իրականացնել ԱԱԾ համակարգում։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 24-ին, Ազգային ժողովում կառավարության ծրագիրը ներկայացնելիս ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«ԱԱԾ-ն պետք է լինի հակահետախուզական մարմին։ Այսինքն՝ ԱԱԾ-ն պետք է զբաղվի հակահետախուզությամբ։ Սահմանապահ զորքերը կշարունակեն մնալ ԱԱԾ-ի կազմում։ ԱԱԾ-ի պատասխանատվությունը կլինի նաեւ ահաբեկչության եւ ծայրահեղականության դեմ պայքարը,  սահմանադրական կարգի պաշտպանությունը եւ մի շարք գործառույթներ, որ այսօր վերապահված է նաեւ ԱԱԾ-ին, ժամանակի ընթացքում կփոխվեն եւ կվերափոխվեն»,- ասաց նա։

Փաշինյանի խոսքով՝ այս փոփոխությունների արդյունքում ԱԱԾ-ն էականորեն ուժեղանալու է.

«Մի շարք հանգամանքների բերումով այսօր ԱԱԾ-ին վերապահված են լիազորություններ, որոնք մեծ հաշվով մեր ռազմավարական պատկերացումների համաձայն չպետք է վերապահված լինեն։ Գործնականում բազմաթիվ զարգացած երկրներում հենց այդպես է, երբ հակահետախուզություն եւ հակահետախուզությունը գտնվում են տարբեր մարմիններում։ Մենք պլանավորում ենք արտաքին հետախուզության առանձին ծառայություն իրականացնել։ Պլանավորում ենք Պետական պահպանության ծառայությունը դուրս բերել ԱԱԾ-ին ենթակա մարմնի կարգավիճակից, եւ այն դարձնել վարչապետին ենթակա մարմին։ Մեր քննչական համակարգը որոշակի փոփոխությունների է ենթարկվում։ ԱԱԾ-ն այլեւս կոռուպցիայի դեմ պայքարող մարմին չի լինի։ Հակակոռուպցիոն կոմիտեի կարեւոր առանձնահատկություններից մեկն այն է, որ նա իր մեջ պիտի ունենա նաեւ օպերատիվ ծառայություն»։