Երբ խոսում ենք Հայաստանի համար խաղաղ զարգացման օրակարգ բացելու անհրաժեշտության մասին, նկատի ունենք մարդկանց կյանքի իրավունքը պաշտպանելը։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 24-ին, խորհրդարանում պատասխանելով «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Թագուհի Թովմասյանի հարցին, ասաց Նիկոլ Փաշինյանը։
«Մենք պետք է հասկանանք՝ այն երկիրը, որը փաստացի պատերազմի տրամաբանության մեջ է, չի կարող խոսել սեփական քաղաքացիների կյանքի իրավունքի պաշտպանության մասին։ Եթե դու հակամարտության մեջ ես, քո երկրի ամբողջ տարածք կարող է հարձակման թիրախ դառնալ»,- ասաց Փաշինյանը։
Անդրադառնալով այսօր խորհրդարանում լրագրողների բողոքի ակցիաներին եւ ԱԺ-ում լրագրողների աշխատանքի սահմնափակումների վերաբերյալ հարցին, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ օրենսդրական փոփոխություններ են առաջարկելու եւ լրագրողներն իրենց էթիկայի կանոնները եւ իրենք կհետեւեն դրանց։
«Բայց մենք շատ աննախադեպ իրավիճակներ ունենք եւ այսօր էլ ԱԺ-ում ունենք աննախադեպ իրավիճակ։ Կառավարությունն էլ ստիպված է այդ իրավիճակներին անդրադառնալ աննախադեպ քայլերով»,- նշեց Փաշինյանը եւ խնդիրն այլ ուղղությամբ տարավ, թե կառավարությունն կարեւոր նախաձեռնություն ունի։
«ՀՀ քաղաքացիներն իրավունք ունեն իմանալ լրատվամիջոցների իրական շահառուների մասին, որպեսզի հստակ բաժանարար գծեր լինեն, թե որեւէ լրագրողը լրագրողակա՞ն գործունեությամբ է զբաղվելու, թե՞ քաղաքական որոշակի շրջանակի կամ ֆրակցիայի ներկայացուցիչ է։ Որպես վարչապետ, թույլ չեմ տալու, որ ժողովրդավարությունը ամենաթողության համար պատշաճ հարթակ, եւ բոլոր միջոցները ձեռնարկելու եմ։ Բայց ոչ թե սեփական ճաշակներին համապատասխան, այլ ՀՀ քաղաքացիներից ստացած մանդատին համապատասխան»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։











