Կարելի՞ այսպիսի մարդուն երկիր վստահել։ Այս հարցն այսօր՝ օգոստոսի 24-ին, ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանին ուղղեց «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Մանուկյանը՝ մինչ այդ հիշեցնելով պատերազմի օրերին Փաշինյանի որոշ գործողություններ։
«Պատկերացնենք երկիր, որտեղ առավոտյան հայտնի է դառնում, որ թշնամին պատերազմ է սկսել։ Երկրի ղեկավարն առաջին բաններից, որ անում է, ֆեյսբուքում բանաստեղծություն է դնում։ Ռազմական դրություն է օրենքով հայտարարվում երկրում։ Երկրի ղեկավարն ռազմական դրության կանոնները խախտելով ռազմական տեխնիկայի տեղաշարժի տեսանյութ է տարածում։ Երբ ՊՆ մամուլի խոսնակը ասում է՝ խելքի եկեք, անգրագետներ, ռազմական տեխնիկայի տեղաշարժ չի կարելի տարածել։ Երեւի խելքի են գցում, ասում են՝ պարոն ղեկավար, հեռացրու։ Հետո գալիս է խորհրդարան, առանց պատրաստված, առանց գրավոր տեքստի, երբ երկիրը պատերազմի մեջ է, ուղերձներ պետք է հղել հասարակությանը, միջազգային կառույցներին, թշնամուն: Կարո՞ղ ենք այսպիսի մարդուն երկիր վստահել»,- հարցի նախաբանում ասաց ընդդիմադիր գործիչը։
Ի պատասխան Փաշինյանն ասաց․ «Թե ում պիտի վստահել երկիրը, կարգավորված է Սահմանադրությամբ։ Այն սուբյեկտը, որն ունի դրա իրավասությունը, կատարել է իր որոշումը։ Անկախ նրանից, թե մեզանից ով որքան է դրան համաձայն, այդ որոշումը պիտի ընդունի ի գիտություն»։
Իսկ Գեղամ Մանուկյանը շարունակեց հիշեցնել պատերազմի օրերին իշխանության ներկայացուցիչների գործողությունները։
«Մի անգամ էլ՝ համավարակի ժամանակ, Փաշինյանն ասաց, որ եթե կառավարությունը վատ է աշխատում, ժողովուրդն է մեղավոր, ժողովուրդն է ընտրել»,- նկատեց Մանուկյանը, իսկ միայն այս մտքի հետ չհամաձայնեց Փաշինյանը։ «Ոչ, ես այդպիսի բան չեմ ասել։ Եթե կառավարությունը վատ է աշխատում, ժողովուրդը նրան կարող է փոխել։ Այս ընտրություններով էլ դա պարզ դարձավ»։
Իսկ պատերազմի ընթացքում դավաճանության հետ կապված ընդդիմադիրների գնահատականին անդրադառնալով էլ, վարչապետը ասաց, որ ճիշտ չէ, երբ կողք կողքի նստած պատգամավորներից մեկը կարծում է, թե եղել է դավաճանություն, մյուսը՝ ոչ։
Մանուկյանի վկայակոչած փաստերի առնչությամբ էլ նա «տակտիկական» խորհուրդ տվեց ընդդիմությանը. «Տակտիկական առումով էլ ճիշտ չէ՝ մարդուն մատնացույց անել այն, ինչ ինքը տեսել է։ Ճիշտ կլիներ, որ ցույց տաք մի թուղթ, որ մարդիկ չեն տեսել եւ նոր ինֆորմացիա է նրանց համար։ Քաղաքացիները իմ գրառումներն էլ, ելույթներն էլ, գործողություններն էլ տեսել են։ Իմ գործը չէ, բայց ես ուզում եմ, որ ձեր ՕԳԳ-ն ավել լինի»։











