Այս իրավիճակի ամբողջ պատասխանատվությունը կրում է իշխանությունը։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 24-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։
«Նիկոլ Փաշինյանն իր ուղիղ հրահանգով հրահրեց այս բռնությունը։ Երբ Տիգրան Աբրահամյանը հարց հնչեցրեց ու ասաց, որ նման վարքագիծն անթույլատրելի է Աննա Մկրտչյանի նկատմամբ, Նիկոլ Փաշինյանն ասաց՝ ես կարծում եմ, որ դեռ շատ մեղմ են արձագանքել եւ պետք էր ավելի կոպիտ արձագանք։ Մեկ հրահանգով հարձակում սկսվեց երիտասարդ պատգամավորի նկատմամբ, որը սխալ բան չէր ասել։ Հիմա կփորձեն շուռ տալ ու ասել, որ Աննա Մկրտչյանը վիրավորել է իրենց ղեկավարին»,- ասաց Վանեցյանը։
«Պատիվ ունեմի» ղեկավարը չհամաձայնեց այն դիտարկմանը, թե խմբակցությունում կարծես պասիվություն կա, եւ միայն Աննա Մկրտչյանն է ակտիվ։
«Յուրաքանչյուրը խոսում է իր ոլորտով, բայց ամենակարեւորն այն է, որ մեր դիրքորոշումներում որեւէ բան չի փոխվել։ Այս իշխանությունները հասցրել են պարտության, տապալել են մեր երկրի անվտանգային համակարգը, այս իշխանությունները կոտրել են մեր ազգի հաղթանակած ոգին եւ այս իշխանությունները ուշ-թե ուշ պատասխան են տալու այդ ամենի համար»,- ընդգծեց նա։
Արթուր Վանեցյանն ասաց, որ արդեն ոստիկանություն են դիմել միջադեպի առթիվ ու հանցագործության մասին հաղորդում ներկայացրել։
Լրագրողը «Պատիվ ունեմի» ղեկավարից հետաքրքրվեց, թե Սերժ Սարգսյանի հետ քննարկումներ լինում են, նա խորհուրդներ տալիս է խմբակցությանը։ Ի պատասխան Վանեցյանն ասաց, թե ՀՀԿ-ն մաս է կազմում «Պատիվ ունեմ» խմբակցությանը, հետեւաբար ՀՀԿ-ի նախագահը ներկայացնում է իր դիրքորոշումները։
Նշենք, որ այսօր՝ օգոստոսի 24-ին, ԱԺ-ում Կառավարության ծրագրի քննարկմանը, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի հարցը դուր չեկավ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին, ինչպես նաեւ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մի շարք պատգամավորներին, որոնք սկսեցին աղմուկ բարձրացնել դահլիճում։
Մկրտչյանն իր հարցում անդրադարձել էր Փաշինյանի թիկնապահներին եւ ասել, որ Փաշինյանը ԱԺ դահլիճ է եկել «ախրանիկներով»։ Այս հայտարարությունից հետո Ալեն Սիմոնյանն Աննա Մկրտչյանին նախազգուշացում հայտարարեց։
Իշխանական պատգամավորներն էլ իրենց հերթին տեղից սկսեցին արձագանքել Աննա Մկրտչյանի հայտարարությանը։
Երբ Աննա Մկրտչյանը կապիտուլյանտ բառն օգտագործեց, Ալեն Սիմոնյանը Մկրտչյանի բարձրախոսը անջատեց։
Մթնոլորտը երբ ավելի լարվեց, ավտանգության աշխատակիցները մտան նիստերի դահլիճ եւ դուրս հրավիրեցին պատգամավոր Մկրտչյանին։ Իրավիճակն էլ ավելի սրվեց, որի ընթացքում վնասվածքներ ստացան Մկրտչյանն ու «Հայաստան» խմբակցությունից Արծվիկ Մինասյանը։











