Ես որեւէ մեկի հետ գաղտնի բանակցություն չեմ վարել․ բանակցությունները կոնֆիդենցիալ են եղել միշտ ու բոլորի ժամանակ, բայց գաղտնի բանակցություններ ես որեւէ մեկի հետ չեմ վարել։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 24-ին, ԱԺ-ում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ արձագանքելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի հարցերին։ 

«Խնդրում եմ ինձ սխալ չհասկանաք, բայց ասում եք՝ Դուք խորշում եք դավաճան, հողատու, կապիտուլյանտ բառերից, կներեք, երբ այդ մեղադրանքները հնչել են, ես եկել եմ այս ամբիոնից ասել եմ՝ դավաճանը, հողատուն, կապիտուլյանտը դուք եք, եւ ասել եմ՝ ժողովուրդ ջան, հիմա մենք գալիս ենք ձեր դատի առաջ կանգնելու։ Կներեք, ես չէի ուզում այսքան մանրամասն բացատրել, բայց ժողովուրդն իր քվեարկությամբ ընտրել է՝ դավաճանն ով է, հողատուն ով է, կապիտուլյանտն ով է, եւ յուրաքանչյուրին իր տեղն է դրել։ Եկեք յուրաքանչյուրս հանգիստ նստենք մեր տեղը եւ այդ թեմաները մի խառնեք, ես չեմ խորշում ոչ մի բանից, եթե սխալ տպավորություններ եմ թողնում, խնդրում եմ կոնկրետացրեք, ես խնդիր չունեմ, ուզո՞ւմ եք քննարկենք, եկեք քննարկենք, ինչ ֆորմատով եք ուզում քննարկենք, հանդարտվեք ի վերջո, մի  ստիպեք, որ ես ցույց տամ, թե ով  պետք է խորշի, ով է  դավաճանը  պետությունը թալանելով, ով է հողատուն ու կապիտուլյանտը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։