Արամ Վարդեւանյանն իր խոսքում մի քանի անգամ իրեն հակասեց։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 25-ին, ԱԺ-ում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը։

«Եթե ինքը մի քիչ առաջ ասում է՝ ես ասել եմ, ներկայացրել եմ փաստեր, բայց միշտ պահպանել եմ անմեղության կանխավարկածը. բա հիմա Էրդողանին դու ի՞նչ իրավունքով ես համարում միջազգային հանցագործ։ Սիրուն ես խոսում, հո ժխտելու չի՞, բայց դատարկ ա մեջը ախպեր»,- ասաց պատգամավորը։

Անդրադառնալով Վարդեւանյանի՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մասին հայտարարությանը՝ Աղազարյանն ասաց. «Նա ասաց՝ մարդիկ եկել ու ասում էին, որ մենք ուզում ենք օգտակար լինենք կառավարությանը, որ չստորագրի այդ փաստաթուղթը, եթե հիշում եք՝ մի պահ եղավ, որ Պուտինն ու Ալիեւը ստորագրել էին, իսկ Փաշինյանը դեռ չէր ստորագրել. Փաշինյանը չէր ստորագրել, որովհետեւ որոշ կետերի հետ համաձայն չէր։ Այդ կետերը հանվեցին, նոր ստորագրեց. դա է եղել իրական պատճառը։ Նայել ենք այդ դրվագները, թե իրենք ինչ մաքուր աչքերով ու խորը մտքերով էին մտել կառավարության շենքը, որ օգնեին իշխանություններին։ Այնտեղ կար հրահանգ՝ սպանել ՀՀ վարչապետին եւ սպանել ԱԺ նախագահին. փառք տիրոջը, որ չեղավ»։

Անդրադառնալով արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներին՝ Աղազարյանն ասաց. «Ինձ շատ մոտիկ մարդիկ ասում էին՝ պարոն Աղազարյան, մենք գիտենք, որ դուք հաղթելու ենք ԼՀԿ-ին, որ դուք այնտեղ չհաբռգեք»։

Աղազարյանն ասաց, որ Ազգային ժողովում հիմա իրենք ծանոթանում են ընդդիմադիրների հետ, շատերին էլ ճանաչում ու գնահատում են. «Մեկի խոսքից ազդվում ենք, մեկի խոսքը ցավով նույնիսկ հավանում ենք, որովհետեւ չէի ուզի, որ ինքն այդ խելոք բաներն ասեր, կուզեի ես կամ իմ ընկերն ասեինք»։

Ըստ Աղազարյանի՝ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը չի խանգարում ԱԺ աշխատանքներին. «Ալեն Սիմոնյանը շատ լավ տարբերակ գտավ, որ եւս մեկ նիստ հրավիրեց, որպեսզի մեր կորցրած ժամանակը կոմպենսացնենք։ Բացի դա, մենք սրա համար փող ենք ստանում, եթե մի 2 օր էլ նիստ անենք, ոչ մի սարսափելի բան տեղի չի ունենա»։

Հովիկ Աղազարյանը վտանգավոր համարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանին. «Որովհետեւ Աննա Մկրտչյանը երիտասարդ է, ցավով է ապրում այն կորուստները, որ մենք ունեցել ենք, զգացմունքային ֆոնի վրա երբեմն ավելորդություններ է թույլ տալիս։ Բայց Տիգրան Աբրահամյանը սադիստի համառությամբ միտք է ասում՝ էն որ պարոն վարչապետ, դուք էն ժամանակ ստորագրեցիք եռակողմ պայմանագիրը, հետո պարզվեց էլի հողեր տրվեց, որ չկար նշված, բայց ես հասկանում եմ, որ դուք նկատի ունեք Քարվաճառը, Լաչինի հատվածը, բայց 6-րդ կետում գրված է այդ ամենը»։

Աղազարյանի կարծիքով՝ ԱԺ-ում տեղի ունեցածն առեւտուր է. «Այս թեւից առեւտուր է առաջարկվում այս թեւին, այս թեւը չի ընդունում այդ առեւտուրը։ Թե այդ առեւտուրը նախաձեռնողներն ովքեր են, դա այլ հարց է»։