Երեկ, Սեյրան Օհանյան, երբ շշով խփեցիք, Հայկ Սարգսյանին չխփեցիք, այլ Հայաստանի Հանրապետության ժողովրդին։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 26-ին, խորհրդարանի ամբիոնից դիմելով Սեյրան Օհանյանին՝ ասաց ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։
«Այս ամբիոնին հարվածելով եւս մեկ անգամ ցույց տվեցիք Ձեր ինքնությունը, որը հիմնված է եղել ժողովրդին խփելու տրամաբանության վրա»,- ասաց նա։
Նրա այս խոսքերից հետո Օհանյանը դահլիճից դուրս եկավ, իսկ մեծամասնության ղեկավարը ԱԺ-ում անվտանգության միջոցառումների խստացումը հիմնավորեց նաեւ Օհանյանի խորհրդարանում «խրամատավորվելը» եւ շշով հարվածելը։
ՔՊ-ականը, դիմելով ընդդիմախոսներին, փորձեց բացատրել, որ դավաճաններն ու հողատուները նրանք են.
«Այս 20-ամյա դավաճանությունը, աշխարհաքաղաքական ավանտյուրան մի օր պիտի պայթեր ու պայթեց 2020-ին»։ Հետո նոյեմբերի 9-ի փաստաթուղթ ստորագրած իշխանության խորհրդարանական մեծամասնության ղեկավար Կոնջորյանը եկավ այն եզրակացության, որ բացի իրենցից, բոլորը՝ երկրորդ ու երրորդ նախագահները, «Պատիվ ունեմ» եւ «Հայաստան» խմբակցությունները դավաճան են ու հողատու։











