Երեկ տեղի ունեցած միջադեպի հետեւանքով «Հայաստան» խմբակցության անդամներից 6-7-ը մարմնական վնասվածքներ են ստացել: Այս մասին օգոստոսի 26-ին լրագրողներին տված հարցազրույցում ասաց ընդդիմությունից խորհրդարանի փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը:
Նրա խոսքով, իշխանությունները ցանկանում են վերահսկողության տակ վերցնել ընդդիմության գործողությունները, եւ եթե հայտարարության բովանդակությունը նրանց դուր չի գալիս, ապա հրավիրում են Պետական պահպանության ծառայության ներկայացուցիչներին:
«Այո, մենք նրանց ասելու ենք, որ հենց նրանք են հանձնել երկիրը: Սա ոչ թե վիրավորանք է, այլ քաղաքական գնահատական: Երեկ շնագայլերի ոհմակը հարձակվեց իմ ու իմ գործընկերների վրա: Փորձում են ստիպել ինձ լռել, բայց չի ստացվում: Եթե ինչ-որ մեկին թվում է, որ կարող է հարվածել ինձ եւ գիշերը հանգիստ քնել, ապա նա սխալվում է»,- հավելեց Սաղաթելյանը:
Նա նշեց, որ այս խորհրդարանը չի կարող երկար կյանք ունենալ, քանի որ ճգնաժամի պատճառներն ու հետեւանքները չեն վերացվել եւ չեն հաղթահարվել: «Այս իշխանությունը չի կարող երկար կյանք ունենալ»,- վստահեցրեց փոխխոսնակը:











