Դեպքը տեղի էր ունեցել հուլիսի 27-ին: Երեկոյան ժամը յոթն անց կեսին ոստիկանության Վաղարշապատի բաժնում ստացվում է ահազանգ, որ Էջմիածնի Բաղրամյան փողոցի համակցված կերերի խանութ է մտել մի տղամարդ, ծեծել աշխատակցուհուն եւ տարել գումարը: Շուտով ստացվում է նոր ահազանգ, որ աշխատակցուհին տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ ախտորոշվել է գլխի սալջարդ, նաեւ ուղեղի ցնցում` հարցականով: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ոստիկանության լրատվության ծառայությունից։

Դեպքի վայր են մեկնում բաժնի օպերատիվ խումբը, աշխատակիցներ բաժնի եւ Արմավիրի մարզային վարչության ղեկավար կազմից: Տեղում ձեռնարկված միջոցառումներով ճշտվում է, որ խանութ մտած տղամարդը դանակով եւ ձեռքերով հարվածներ է հասցրել աշխատակցուհուն եւ հափշտակել դրամարկղի գումարն ու կնոջ բջջային հեռախոսը:

Նույն օրը ավազակության հատկանիշներով հարուցվում է քրեական գործ: Ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Վաղարշապատի քրեական հետախույզները ստանում են օպերատիվ տվյալ, որ ավազակային հարձակումը կատարել է հաշվառման եւ փաստացի բնակության վայր չունեցող 53-ամյա մի տղամարդ: Նրան առաջադրվում է մեղադրանք, խափանման միջոց է ընտրվում կալանքը, սակայն տղամարդուն հայտնաբերել չի հաջողվում: Հուլիսի 30-ին հայտարարվում է հետախուզում:

Եվ ահա, Վաղարշապատի բաժնի անչափահասների գործերով եւ ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները ստանում են օպերատիվ տեղեկություն, որն իրացնում են օգոստոսի 25-ին: Հետախուզվող տղամարդուն նրանք հայտնաբերում են մայրաքաղաքի Հալաբյան փողոցում եւ բերման ենթարկում բաժին:

Նախաքննությունը շարունակվում է, դեպքի հանգամանքները պարզվում են: