Հուլիսի 20-ի երեկոյան բնակարանային գողության վերաբերյալ հաղորդում էր ստացվել ոստիկանության Նոր Նորքի բաժնում: Աճառյան փողոցի մի բնակիչ հայտնում էր, որ տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են տան դուռն ու գողացել ոսկյա զարդեր: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ոստիկանության լրատվության ծառայությունից։
Դեպքի վայր էր մեկնել Ավանի բաժանմունքի օպերատիվ խումբը, նաեւ` բաժնի աշխատակիցներ: Կատարվել էր տեղազննություն, ձեռնարկվել էին անհրաժեշտ միջոցառումներ, այդ թվում` օպերատիվ-հետախուզական: Ի վերջո պարզվել էր, որ գողությունը կարող է կատարած լինի մայրաքաղաքի Ռուսթավելու փողոցի բնակիչ, 40-ամյա մի տղամարդ: Սակայն նրան հայտնաբերել չէր հաջողվել:
Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ, տղամարդուն առաջադրվել էր մեղադրանք եւ նրա նկատմամբ հայտարարվել էր հետախուզում. խափանման միջոցը` կալանք:
Դեպքից չորս օր անց Ավանի բաժանմունքի ոստիկանները տղամարդուն հայտնաբերեցին Ռուսաթավելու փողոցում եւ բերման ենթարկեցին:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։
Նախաքննությամբ դեպքի հանգամանքները պարզվում են:











