Պատրաստ ենք ծավալելու մինչեւ 2600-2700 մաճակալ։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 27-ին, կառավարության հերթական նիստին ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Սա շատ մեծ լարվածություն է առաջացնում առողջապահական համակարգում, որովհետեւ առաջիկայում աշնան սեզոնն է, որն աչքի է ընկնում հիվանդացության աճով։ Այս պահին էլ բոլոր բժշկական կենտրոնների վերակենդանացման բաժանմունքները շատ խիստ, լարված վիճակով են աշխատում։ Մեր մարզային կենտրոններում, Երեւան քաղաքում ծավալվելու ենք, ունենք հստակ գծագրած պլանը, որպեսզի խնայենք նաեւ հանրային միջոցները։ Մենք վերապրոֆիլավորում ենք ըստ անհրաժեշտության։ Պատրաստ ենք եւս 1200-1300 մահճակալ ծավալելու եւ սպասարկելու մեր քաղաքացիներին»,- ասաց նա։
Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, որ պետք է այս իրավիճակի նկատմամբ հատուկ ուշադրություն դարձնել. «Ոստիկանությունը, տեսչական մարմինները պետք է վերահսկողական աշխատանքները շարունակեն, խստացնեն։ Ինչքան էլ մեր քաղաքացիների համար դա հաճելի չէ, բայց կարծում եմ՝ շատ ավելի հաճելի է, քան վերակենդանացման բաժնում հայտնվելը»։
Ըստ Փաշինյանի՝ պատվաստումների տեմպը պետք է շարունակվի. «Մեր նախնական պլանավորածից շատ ավելի մեծ ծավալներով ենք իրականացնում պատվաստումը»։
Փաշինյանի ճշտող հարցին՝ արդյոք պատվաստումների հետ կապված խնդիրներ կա՞ն, նախարարը պատասխանեց. «Երկու պատվաստանյութերի հետ կապված՝ չինական եւ Astrazeneca-ի հետ կապված խնդիր չունենք, պաշարները համալրված են, sputnik v-ի մատակարարման որոշակի հապաղումներ կային, բայց հուսով ենք, որ հաջորդ շաբաթ կստանանք երկրորդ խմբաքանակը։ Չկա որեւէ պոլիկլինիկա, որ գոնե երկու պատվաստանյութ իր մոտ առկա չունենա»։











