Հայաստանում սեպտեմբերի 19-ին անցկացվելու է «ՀՀ վարչապետի գավաթ» հեծանվավազքի մրցաշարը։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 27-ին, կառավարության հերթական նիստին ասաց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը։

Նա նշեց, որ անցկացվելու է սիրողական հեծանվավազքի մրցաշար, որի կազմակերպչական ծախսերը կկազմեն մոտ 10,8 միլիոն դրամ.

«Մտնում է մասնակիցներին սնունդով ապահովման, ճանապարհածախսի եւ ռադիոհանգույցի վարձակալման, մարզահագուստի, գավաթների, մեդալների, հաստագրերի, շնորհակալագրերի ձեռքբերման ծախսեր։ Նախատեսվում է իրականացնել ԿԳՄՍՆ-ի ընդհանուր հատկացումների հաշվին՝ վերաբաշխում կատարելու արդյունքում։ 2 տարիքային խմբերի 1-20-րդ տեղը գրաված մասնակիցներին տրամադրվող դրամական մրցանակները, որոնց ընդհանուր արժեքը կկազմի 14,9 միլիոն դրամ՝ ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից։ Միջոցառման ընդհանուր ծախսերը կկազմեն մոտ 25,7 միլիոն դրամ։ Կլինեն 80 մրցանակակիրներ. առաջին տեղ գրավածը հստանա 1 միլիոն դրամ, 2-րդ տեղը՝ 600 հազար դրամ, 3-րդը՝ 400 հազար, 4-րդը՝ 150 հազար, 5-րդը՝ 100 հազար դրամ, 6-10-րդ տեղը՝ 75 հազարական դրամ, 11-20-րդ տեղեր զբաղեցնողները՝ 50 հազար դրամ»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ պատմեց, թե ինչպես է այդ մրցաշարն անցկացնելու գաղափարն առաջացել.

«Նախընտրական քարոզարշավի ընթացքում Արագածավան գնալու ճանապարհին հանդիպեցինք հեծանվորդների խմբի, այդտեղից գաղափար առաջացավ ամենամյա ոչ պրոֆեսիոնալ մրցաշար, որին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները, որոնք պրոֆեսիոնալ մարզիկ չեն։ Մենք ուզում ենք առողջ ապրելակերպը դարձնել համընդհանուր եւ դա իրականացնելու համար պետք է կոնկրետ գործողություններ կատարել։ Տվյալ դեպքում ընտրվել է երթուղի՝ Շորժայի հատվածից մինչեւ Սեւան։ Այստեղ նաեւ մի փոքր նրբություն կա, այդտեղ ունենք բարձրակարգ ճանապարհ, ուզում ենք մի փոքր էլ մեր կառուցած ճանապարհները գովազդենք։ Մրցաշարը ամենամյա է լինելու։ Մենք մտադիր ենք այսպիսի 4 մրցաշարեր իրականացնել, ամեն տարի հեծանվավազք, վազք, սեղանի թենիս եւ լող։ Լողն ուզում ենք կազմակերպել Սեւանա լճում։ Մենք պետք է շուրջ աշխատանք տանենք, որպեսզի տեղեկությունը բոլոր պոտենցիալ հետաքրքրվող շահառուներին հասնի, որ մարդկանց համար նաեւ հասկանալի լինի, թե սա ինչ մրցաշար է, ինչի համար է արվում, ովքեր կարող են մասնակցել եւ ինչ պայմաններով»։