Օգոստոսի 25-ին «Կանեփ-կակաչ 2021» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումների շրջանակում ոստիկանության Ստեփանավանի բաժնում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս բաժնի ծառայողները ՔՈԳՎ ԹԱՇԴՊ վարչության, ոստիկանության Լոռու մարզային վարչության գործընկերների հետ Ուռուտ գյուղի 1-ին փողոցից, ապօրինի թմրանյութ պահելու եւ օգտագործելու կասկածանքով, ոստիկանություն են բերման ենթարկել Ուռուտի 36-ամյա մի բնակչի։

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ոստիկանությունից,  անձնական խուզարկությամբ նրա տաբատի գրպանից հայտնաբերվել է ապակյա մոխրացված զանգվածով կաթուցիչ։ Ըստ բերման ենթարկվածի՝ ինքը դրանով ծխել էր կանեփ տեսակի թմրամիջոց:

Ոստիկանների միջոցառումներով պարզվել է, որ 36-ամյա տղամարդուն մի քանի անգամ հյուրասիրել է նույն գյուղի 70-ամյա մի բնակիչ։

Զննությամբ վերջինիս տան բակից հայտնաբերվել են 1575 հատ տարբեր տեսակի կանեփ բույսին նմանվող խոտաբույսեր, իսկ տնից, տանիքից եւ օժանդակ շինություններից՝ շուրջ 2700 գրամ չորացված եւ մանրացված կանեփ տեսակի թմրամիջոց:

Ըստ տանտիրոջ հայտարարության՝ այս տարվա գարնանը տան բակում ցանել եւ աճեցրել է կանեփ տեսակի խոտաբույսեր` իր օգտագործման համար: Նշված թմրամիջոցի չորացված զանգվածի մի մասը ացետոնով եփելով` պատրաստել է մեկ այլ տեսակի թմրամիջոց:

Տղամարդը բաց է թողնվել:

Նախապատրաստվում են նյութեր: