Ոստիկանությունն ավանդույթի համաձայն՝ ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ, սեպտեմբերի 1-ից կանցնի ուժեղացված հատուկ ծառայության, որի թիվ մեկ նպատակն է ապահովել աշակերտների, ուսանողների, ուսուցիչների ու դասախոսների, մեր քաղաքացիների անվտանգությունը։
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ոստիկանությունից, մինչ ուսումնական տարվա սկիզբը ոստիկանության տարածքային բաժինների անչափահասների գործերով տեսուչներն ու ոստիկանները հանդիպումներ են ունենում դպրոցների տնօրինության հետ, քննարկում ուսումնական հաստատություններում դպրոցական տեսուչների ծառայությանն ու անվտանգությանը վերաբերող հարցեր։
Իսկ դպրոցների եւ ուսումնական մյուս հաստատությունների մոտակայքում ուժեղացված ծառայություն կիրականացնեն պարեկները, կապահովեն ինչպես հասարակական կարգը, այնպես էլ երթեւեկության անվտանգությունը։
Հասարակական կարգի պահպանության գործում ներգրավված կլինեն նաեւ ոստիկանության զորքերի ծառայողները։
Ուսումնական տարվա մեկնարկին, փաստորեն, ոստիկանության տարածքային բոլոր ստորաբաժանումները, պարեկային ծառայությունը, ոստիկանության զորքերը, մարզերում՝ ճանապարհային ոստիկանությունը, դպրոցական տեսուչներն ու անչափահասների գործերով զբաղվող ոստիկանները անցնելու են հատուկ ծառայության՝ ապահովելով տուն-դպրոց-տուն ճանապարհի անվտանգությունը։
Ոստիկանությունը հորդորում է պահպանել ճանապարհային երթեւեկության կանոնները եւ դպրոցների մոտակայքում չգերազանցել թույլատրելի արագությունը։











