Գյումրիում օգոստոսի 22-ին Տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի դիմաց սպանության փորձ է տեղի ունեցել։

«Ազգային արժեք» ակումբի անդամ, «Գյումրին կռնա» նախաձեռնության անդամ, Շիրակի պետական համալսարանի դասախոս Արմեն Ներսիսյանը NEWS.am-ին պատմեց, որ իրենց ակումբի ֆեյսբուքյան էջին իրեն անծանոթ ֆեյսբուքյան օգտատերը  վիրավորական արտահայտություններ է արել, որի համար ինքը զանգել է օգտատիրոջն ու Տնտեսագիտական համալսարանի մոտ հանդիպելու առաջարկ արել։

«Օգտատերն այդ արտահայտություններն ուղղել էր ոչ թե ինձ, այլ ակումբի անդամներին։ Ես՝ որպես ավագ ընկեր, փորձել եմ խնդիրը լուծել։ Նրա հետ կապ եմ հաստատել, պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որպեսզի հրապարակային վայրում հանդիպենք, հասկանանք՝ ինչու է նման մեկնաբանություններ արել։ Նա միանգամից եկավ ու սկսեց հարձակվել, ես հանգիստ մոտենում էի նրան, նա միանգամից հարձակվում էր»,- պատմեց Ներսիսյանը։

Տղամարդը համալսարանի բակ գնալիս ունեցել է իր հետ նաեւ կացին, որով էլ Ներսիսյանին մարմնական վնասվածք է հասցրել։

Արմեն Ներսիսյանի խոսքով՝ ակումբի անդամները փորձել են դեպքը չհրապարակայնացնել, որպեսզի կոնֆլիկտը չսրեն. «Տարօրինակն այն է, որ հենց ինքը փորձեց այդ ամբողջը կազմակերպել, նա ավտոմեքենայի տեսանկարահանող սարքով ամբողջ եղելությունը նկարել է։ Այդ տեսանյութն էլ նա տարածում էր ֆեյսբուքյան մեր էջերի մեկնաբանություններում»։

Անդրադառնալով այն տեսանյութերի բովանդակությանը, որոնց վերաբերյալ մեկնաբանություն էր գրել օգտատերը՝ Ներսիսյանն ասաց. «Ոչ մի քննադատություն չկար։ Այս տեսանյութում ներկայացվում էր «Գյումրին կռնա» նախաձեռնությունը։ Ամեն ինչ դրական ֆոնի վրա էր։ Ես իսկապես չեմ կարող ասել, թե ինչու էր հենց այդ տեսանյութի տակ ցանկացել մեկնաբանություն թողնել։ Հենց դա էլ մեզ ստիպեց, որ հանդիպենք ու բացատրենք, որ որեւէ մեկի հետ առնչություն չունենք քաղաքական դաշտի որեւէ ուժի»։

Արմեն Ներսիսյանը Ոստիկանություն հաղորդումը ներկայացրել է դեպքից 4 օր անց։ Նա ճանաչվել է տուժող, իսկ կացնով հարվածներ հասցրած տղամարդը ձերբակալվել է։ Ներսիսյանը նշեց, որ առաջիկայում տեղի կունենա նաեւ առերեսում։

Ներսիսյանի խոսքով՝ այս դեպքը հասարակության մեջ ատելության մթնոլորտի խորացման հետեւանք է. «Այն, ինչ կա մեր հասարակության մեջ, մեր իրականության արտացոլումն է, որովհետեւ, անարժեքային այդ մթնոլորտի գեներացման, ռադիկալացված այս ատելությունների, անհատների միջեւ լարվածությունը, մուրճի ու մանգաղով քարոզարշավներն արտացոլվելու էին նաեւ հասարակություններում։ Մենք անարժեքային աղետի մեջ ենք։ Հասարակական հարաբերությունների բնական կարգավորում այլեւս գոյություն չունի»։