Այս դեպքում ԲԴԽ-ն կանգնեց հենց դատավորի կողքին, դատավորի անկախության կողքին եւ իրականացրեց արդարադատություն: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 2-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արման Հովհաննիսյանը։
Նշենք, որ քիչ առաջ ԲԴԽ֊ն բավարարեց դատավոր Հովհաննիսյանի միջնորդությունը՝ իր նկատմամբ հարուցված վարույթը կարճելու մասին։
«Կարծում եմ՝ այս որոշումը նաեւ շատ լավ նախադեպային որոշում կլինի կարգապահական վարույթների հետ կապված՝ երկու իմաստով: Առաջինը, որ, ինչքան գիտեմ՝ սա առաջին դեպքն է, որ այս փուլում ԲԴԽ-ն միջնորդությունը կարճում է, դա եւս նախադեպային կլինի, եւ երկրորդ, դրանով կկանխվի այն ենթադրյալ արատավոր, վտանգավոր պրակտիկան, որը կարող էր շարունակվել, որ, օրինակ, եթե նախարարն ինչ-ինչ միջնորդություն է ներկայացնում, չի բավարարվում, դրանից հետո ինքը կարգապահական վարույթ է հարուցում: Այս որոշումով արդեն իսկ դա էլ կկանխվի, եւ եթե նախարարը տվյալ գործով կողմ է, ուրեմն ենթադրվում է, որ ինքը չի կարող կարգապահական վարույթ հարուցել»,- նշեց նա։
Հովհաննիսյանը նշեց, որ վստահ էր՝ իր միջնորդությունը հիմնավոր է շահագրգիռ կողմ լինելու առումով. «Սակայն մի փոքր չէի կարողանում հասկանալ՝ այս փուլում կկարճվի՞, թե՞ ընդհանուր կարգով կքննվի, վերջում կկարճվի: Բայց ես գիտեի, որ եթե կարճվի՝ հիմքում դրվելու է հարուցման օրինական չլինելը, դրանում ես վստահ էի»։
Նա իր շնորհակալությունը հայտնեց ԲԴԽ եկած իր ընկերներին, աջակիցներին.
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր ներկա գտնվողներին, այդ թվում՝ լրատվամիջոցներին, եւ նաեւ իմ ընկերներին, հարազատներին, փաստաբաններին, ովքեր, արդեն մի քանի նիստ է՝ գալիս են: Ես հասկանում եմ՝ իրենք իրենց աջակցությունն են հայտնում: Այո, դա ինձ համար շատ մեծ աջակցություն է, շատ ոգեւորող է, եւ կարծում եմ՝ իմ աշխատանքի գնահատականը դրսեւորվում է հենց այս մարդկանց ներկայությամբ, ինչի համար բոլորին շատ շնորհակալ եմ»։
Անդրադառնալով մամուլում շրջանառվող այն լուրերին, որ օպերատիվ-հետախուզական միջոցառման շրջանակում գաղտնալսել են մի շարք դատավորների, այդ թվում՝ իրեն, Հովհաննիսյանը հաստատեց այդ տեղեկությունը.
«Այո, մամուլում հրապարակվածը ճիշտ է։ Այդ գործի շրջանակներում հարցաքննվել եմ որպես վկա, բայց կասկածյալին տրվող հարցերով։ Ես իրավական առումով դեռեւս որեւէ բան չեմ ձեռնարկել, բայց իմ դատավոր ընկերները ձեռնարկել են, բողոքարկումներ են կատարել։ Ինչքան գիտեմ, բոլոր բողոքարկումները բավարարվել են։ Դատարանների կողմից թույլատրելու այդ որոշումն էլ անօրինական է ճանաչվել։ Ես շատ վատ եմ վերաբերվում, որ կարելի է նման անհեթեթ գործով դատավորներին, այն էլ մեծ թվով դատավորների նկատմամբ այդպիսի գործողություններ իրականացնել։ Այդտեղ խախտվում է անձեռնմխելիությունը»։











