Red Bull օդաչուների խմբի կասկադյոր Դարիո Կոստան հինգ համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ Ստամբուլում բարեհաջող թռչելով ավտոմեքենաների համար նախատեսված երկու թունելի միջով։ Գործողությունների ճշգրտության առումով հնարքը կարելի է համեմատել թելն ասեղի ծակով անցկացնելու հետ՝ այն տարբերությամբ, որ «թելը» շարժվում էր 245կմ/ժ արագությամբ, տեղեկացնում է «Ռոսիյսկայա գազետա»-ն։

Մոտ 2,5 կիլոմետր երկարությամբ երթուղին հաղթահարվեց 43 վայրկյանում։ Կոստան օդ պոկվեց առաջին թունելում, հաղթահարեց բաց տարածությունն առաջին եւ երկրորդ անցումների միջեւ եւ մտավ երկրորդ թունել՝ հետեւելով նրա թեքություններին։ Նրա մենոպլանի թեւերի ծայրերի ու պատերի միջեւ տարածությունը ընդամենը չորս մետր էր։ Թունելի առաստաղին չդիպչելու համար ինքնաթիռը շարժվում էր երկու մետրից պակաս բարձրությամբ։ Թունելից դուրս գալով՝ Կոստան կատարեց տոնական հանգույցը։

Կոստայի թռիչքը Zivko Edge 540 ակրոբատիկական մոնոպլանով ճանաչվել է ինքնաթիռի առաջին թռիչքը թունելի միջով, թունելում կատարված առաջին պոկումը, աերոպլանի առաջին թռիչքը երկու թունելի միջով, ամենաերկարատեւ թռիչքը ամուր պատնեշի տակ եւ ամենաերկարատեւ թռիչքը թունելի միջով։ Բոլոր նվաճումները գրանցվել են  Գինեսի Ռեկորդների գրքի ներկայացուցչի կողմից։