Պարոն Ղազինյան, Արծվիկ Մինասյանը պնդում արեց, որ նախորդ անգամ, որ ձեզ չենք ընտրել, դրա մեջ միտում է եղել միջանձնային որեւէ հարաբերություն. խնդրում եմ՝ հաստատեք, որ մեր երկուսի համատեղ կյանքում մեր ճանապարհները չեն խաչվել, որեւէ միջանձնային խնդիր մենք չենք ունեցել եւ չէինք կարող ունենալ միասին: Այս մասին այսօրէ՝ սեպտեմբերի 6-ին, ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում դիմելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանին, ասաց ՔՊ-ական պատգամավոր Քրիստինե Պողոսյանը:

Ղազինյանը ժպիտով արձագանքեց. «Ի սեր Աստծո, համատեղ կյանք չենք ունեցել»:

ՔՊ-ական պատգամավորը հարց ուղեց. «Պատգամավորն ինչո՞վ պետք է առաջնորդվի իր ընտրության ժամանակ»:

Երբ Արթուր Ղազինյանը պատասխանեց. «Իր խղճով, կամքով, գաղափարով ու գիտակցությամբ», Քրիստինե Պողոսյանըշարունակեց. «Հիմա ես կարո՞ղ եմ դիտարկել, որ «Հայաստան» դաշինքը ենթադրում է, որ կարող է ճնշում գործադրել իմ սահմանադրական իրավունքի վրա եւ ստիպել ինձ որեւէ ձեւով ընտրել ձեզ իմ կամքին հակառակ»:

Ղազինայանն էլ արձագանքեց. «Ոչ, որեւէ մեկի վրա որեւէ ճնշում հնարավոր չէ գործադրել, որեւէ նման ցանկություն չունի «Հայաստան» խմբակցությունը, ճնշման կարիք չկա: Ի դեպ, երբ պարոն Մինասյանն ասում է, որ անձնական մոտիվացիա է ունեցել, բացարձակ նկատի չի ունեցել իմ ու ձեր անձնական հարաբերությունները: Եղել է իմ անձով պայմանավորված քվեարկություն»:

Նա նաեւ անդրադարձավ հայտնի միջադեպին՝ նշելով. «Երբ որ առաջին անգամ ներկայացա շշանետման հետեւանքով նյութերի նախապատրաստման փուլում ՀՔԾ քննիչի հրավերով, քննիչ ասաց՝ մենք արձանագրված ունենք երկու էպիզոդն էլ, ինչպես ձեզ հարվածեց առաջին անգամ շիշը, ինչպես երկրորդ անգամ ձեզ հարվածեց շիշը, եւ դուք նետեցիք այն ուղղությամբ, որտեղից դա եկել էր, այդ պահին Նիկոլ Փաշինյանը նստած չէր իր տեղում, դուրս էր գալիս շենքից: Դեպի Մհեր Գրիգորյանը գնաց հարվածը»: