«Հայաստան» խմբակցությունը, հենվելով Դոնթի բանաձեւի վրա, երկրորդ անգամ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում առաջադրեց Արթուր Ղազինյանի թեկնածությունը։ Այս մասին Ազգային ժողովում Պաշտպանության եւ անվտանգության հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստում, հանձնաժողովի փոխնախագահի ընտրության հարցի քննարկման ընթացքում, սեպտեմբերի 6-ին ասաց հանձնաժողովի ղեկավար, կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։
Իր հերթին, ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հանձնաժողովի անդամներին երկրորդ անգամ ներկայացրեց թեկնածուի կենսագրությունը։ Նա նշեց, որ «Հայաստան» խմբակցությունն իր որոշմամբ, ըստ էության, իրականացնում է քաղաքացիների, մասնավորապես՝ իրենց ընտրողների կամքը։ «Արթուր Ղազինյանը հենց այն թեկնածուն է, որը լիովին համապատասխանում է այդ պաշտոնին։ Իսկ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը հենց այն կարեւորագույն հանձնաժողովն է, որտեղ պետք է տրվեն շատ հարցերի պատասխանները»,- ընդգծեց Մինասյանը։
Իր հերթին, կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը հետաքրքրվեց Մինասյանից, թե համաձայն է արդյոք նա Արթուր Ղազինյանի այն կարծիքին, որ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Հայրենիքի դավաճան է։ «Դուք համաձա՞յն եք Ղազինյանի այն կարծիքին, թե Ռոբերտ Քոչարյանը, բացառելով Ղարաբաղը բանակցային գործընթացից 1998թ., պետական դավաճանություն է կատարել»,- հարցրեց Պողոսյանը։ Արծվիկ Մինասյանն ի պատասխան նշեց, որ բոլոր ներկաները կյանքի տարբեր փուլերում կարող էին ունենալ իրենց կարծիքը այս կամ այն իրադարձության վերաբերյալ, սակայն այսօրվա դրությամբ ՀՅԴ եւ մի շարք այլ ընդդիմադիր գործիչների դիրքորոշումները համընկնում են, քանի որ դրանք ուղղված են Հայաստանի եւ Ղարաբաղի շահերի պաշտպանությանը, ինչպես նաեւ նրանց անվտանգության մակարդակի բարձրացմանը։
Ղազինյանը հայտարարեց, որ որոշել է մասնակցել հանձնաժողովի աշխատանքին, քանի որ անցած տարվա նոյեմբերի 9-ից հետո քաղաքացիների հետ շփվելու ընթացքում պարտավորվել է պարզել, թե հատկապես ինչ է տեղի ունեցել մինչեւ 2020թ. սեպտեմբերի 27-ն ու նոյեմբերի 10-ը։
«Հասարակության զգալի մասը լուրջ կասկածներ ունի, որ պատերազմը նախապես պլանավորված էր, եւ որ գործնականում տեղի է ունեցել պետական դավաճանություն, Հայրենիքի հանձնում»,- ասաց թեկնածուն։
Անդրադառնալով կուտակած գույքի մասին հարցին՝ Ղազինյանը պնդեց, որ հակաօրինական ոչինչ չի արել։ «Ես ազատ ժամանակ ունեի, կապեր եւ սեփական կյանքի հնարավորություններ։ Ես դա արել եմ արժանապատվորեն, եւ ոչ մի գաղտնիք չունեմ»,- նշեց թեկնածուն։
Այնուամենայնիվ, հանձնաժողովի անդամները բազմաթիվ թեմաներ եւ հարցեր շոշափեցին, որոնք արդեն քննարկվել էին նախորդ նիստի ընթացքում։
Ղազինյանի թեկնածության քննարկումն ընթանում էր փոխադարձ մեղադրանքների եւ քննադատության մթնոլորտում։ Այսպես, հերթական անգամ խորհրդարանական հանձնաժողովի՝ ԱԺ-ում կառավարող մեծամասնությունը ներկայացնող անդամները հայտարարեցին իրենց դիրքորոշման, մասնավորապես՝ այն մասին, որ չեն ցանկանում աջակցել Ղազինյանի թեկնածությանը։
Արդյունքում՝ Ղազինյանի թեկնածությունը նորից հավանության չարժանացավ։ Խորհրդարանական ընդդիմությունը՝ հանձին «Հայաստան» խմբակցության», պետք է նոր թեկնածու առաջադրի։ Նշենք, որ ընդդիմությունը Պաշտպանության եւ անվտանգության հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովում ներկայացված է ընդամենը 4 պատգամավորով։ Նրանցից երեքը «Հայաստան» խմբակցությունից է, մեկը՝ «Պատիվ ունեմ» խմբակցությունից։











