Չկան հիմքեր այն բանի համար, որպեսզի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ նախկին փոխվարչապետ, ներկայում պատգամավոր Արմեն Գեւորգյանի դատավարությունն անցկացվի դռնփակ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը՝ մեկնաբանելով դատախազ Գեւորգ Բաղդասարյանի հայտարարությունը։

Հիշեցնենք, որ այսօր Ալեքսանյանը հայտարարել էր դատավարությունից հեռանալու մտադրության մասին՝ դատավոր Աննա Դանիբեկյանի գործողությունների հետ կապված։

«Զարմանալի է, որ Բաղդասարյանն ասում է դա՝ լավ հասկանալով, որ հիմքեր չկան»,- նկատեց փաստաբանը։ Մեկնաբանելով մեղադրական կողմի պնդումներն այն մասին, թե փաստաբաններն ու նրանց պաշտպանյալներն իբր վախենում են մեղադրական եզրակացության հրապարակումից, Ալեքսանյանն ընդգծեց. փաստաբաններից ոչ ոք հրապարակումից չի վախենում։

«Դուք իրո՞ք մտածում եք, որ մենք վախենում ենք գործից, որը հիմնված է Սիլվա Համբարձումյանի հակասական հայտարարությունների վրա։ Նրա սուտ ցուցմունքների վրա։ Նրա ցուցմունքները հակասում են մեկը մյուսին եւ դրա համար էլ վստահություն չեն ներշնչում»,- նշեց փաստաբանը՝ կրկնելով, որ գործը թխվել է բացառապես նրա ցուցմունքների հիման վրա։ Նրա խոսքով՝ գործում կան այլ անձանց ցուցմունքներ, բայց դրանք մեղադրական բնույթի չեն։