Ոստիկանությունը շարունակում է թմրանյութերի օգտագործման և անօրինական թմրաշրջանառության դեմ հետևողական պայքարը:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ սեպտեմբերի 3-ին հերթական դեպքը բացահայտեցին ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները։

Բաժնի ԱԳ և ԸԲԿԲ ծառայողներն օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Բարձրաշեն գյուղի 57-ամյա մի բնակիչ թմրամիջոց է պահում և օգտագործում։ Նա բերման ենթարկվեց ոստիկանության Արտաշատի բաժին: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվեց դեղնականաչավուն, չորացված, մանրացված կանեփանման զանգված:

Ըստ բերման ենթարկվածի՝ բուսական զանգվածը պատրաստել էր վայրաճ կանեփի թփերից՝ իր ծխելու համար։

Կատարվում է քննություն։