Մնում եմ գեներալ Մանվել Գրիգորյանի անձի մասին նույն կարծիքին։ Նա անվիճելի ավանդ է ներդրել մեր առաջին ազատագրական պատերազմում, Ղարաբաղի ազատագրման գործում։ Այս մասին Ազգային ժողովի նիստում, սեպտեմբերի 14-ին, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի դատավորի ընտրության հարցի քննարկման ընթացքում, ասաց Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը՝ պատասխանելով «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի հարցին։
Խորհրդարանականը, մասնավորապես, Ջհանգիրյանին հիշեցրեց իր խոսքերը. «Փուչիկը Մանվել Գրիգորյանի գործի շուրջ ամենասկզբից խիստ ուռճացված էր։ Նա ոչ մի կապ չուներ այդ խտացրած կաթերի ու տուշոնկաների հետ»։
ԲԴԽ նախագահի պաշտոնակատարը, իր հերթին, նշեց, որ կարող է ավելի մանրամասն անդրադառնալ այդ թեմային, բայց այսօրվա օրակարգն այլ է։ «Այո, ես կարծում եմ, որ Մանվել Գրիգորյանի դատավարությունն այնքան էլ այն հունով չէր ընթանում»,- ասաց Գագիկ Ջհանգիրյանը՝ հակասելով իրեն պաշտոնի առաջադրած վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշմանը։











