Մենք պառլամենտական երկիր ենք, բայց շարունակում ենք մեր մտածելակերպով մնալ նախագահական երկրի քաղաքացիներ. Ընդհանրապես, ԱԺ-ի նկատմամբ վերաբերմունքն էլ՝ սկսած ԱԺ նախագահից մինչեւ պատգամավորներ, չի փոխվել: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 14-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը՝ անդրադառնալով գործող կարգավորումներին, ըստ որի ՀՀ նախագահի եւ վարչապետի համար նախատեսվում է անձնական բժիշկ, իսկ ԱԺ նախագահի համար՝ ոչ:

«Եթե այդ տրամաբանությամբ գնանք, այո, ԱԺ նախագահը ոչ իր գործառույթներով, ոչ իր առավելություններով, որը նրան տրվում է, չնայած ես սա չեմ համարում առավելություն, սա արվում է ավելի շատ անվտանգության տեսանկյունից: Այո, երկրի ղեկավար կազմը անվտանգային առումներով ունենում է անձնական բժիշկ»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ մինչ այդ էլ պատգամավորների լրացուցիչ ծախսերի համար տրվող համար 50 հազար դրամը դարձավ 250 հազար դրամ, ՔՊ-ական պատգամավորն ասաց. «Ես չեմ համարում, որ որեւէ օրենք ընդունվել է, բացի 250 հազար դրամների չարչրկված նախագիծը, որը նույնպես էական տարբերություն չի տալիս պատգամավորի եկամուտների հարցում: 7-րդ գումարման ԱԺ-ում, պատգամավորները հրաժարվեցին օրենքով նախատեսված իրենց 150 հազար դրամներից: Եթե դրան գումարենք 50 հազար դրամը, որ պատգամավորները ստանում էին, տրբերությունն ընդամենը 50 հազար է: Այն պահից, երբ 250 հազարը հասանելի կլինի պատգամավորներին հավելավճարներ չեն լինելու, այսինքն գրեթե բան չի փոխվել»: