Ես պարոն Ջհանգիրյանից այն պատկերացումն ստացա, որ առնվազն պատկերացում ունի, թե ինչ քաղաքական հետապնդումներ են կատարվում, բայց որեւէ գործողություն դրա կանխարգելմանն  ուղղված չի կատարվում: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 014-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը:

«Ես հասկացա, որ պարոն Ջհանգիրյանը նույն կարծիքն ունի հայտնի դատավոր Մնացական Մարտիրոսյանի վերաբերյալ: Ես տեղյակ չէի, որ Գագիկ Ջհանգիրյանի եղբորը ազատազրկման դատապարտել է կրկին Մնացական Մարտիրոսյանը: Մենք պետք է իսկապես մեր հանրությանն ազդակները տանք, թե իսկապես ովքեր են դատավորներ, որոնք արդարադատություն են իրականացնում, եւ ովքեր են, որ պարզապես ունեն դատավորի կարգավիճակ:

Այո, կան լավ ու վատ դատավորներ: Այդ խնդիրը կարող էր լուծվել, բայց չի լուծվել, ընդհակառակը, գնալով ավելի խորացել է: Այդ ինչպես է ստացվում, որ մեզ մոտ գրեթե չնչին քաղաքական բաղադրիչ ունեցող գործով բոլորի մասով իրականացվում է կալանքը որպես խափանման միջով: Ինչի՞ համար»,-ասաց Վարդեւանյանը:

Նա զարմանք հայտնեց, որ գործող իշխանությունը, որի ներկայացուցիչները շատ վատ են արտահայտվել Մնացական Մարտիրոսյանի մասին, այսօր որեւէ քայլ չեն իրականացնում նրա դեմ. «Այդ ինչպե՞ս է ստացվում, որ Հայաստանում իսկապես լավագույն դատավորներից Արման Հովհաննիսյանի նկատմամբ կարգապահական վարույթ են հարուցում, Սերգեյ Մարաբյանի նկատմամբ կարգապահականվարույթ են հարուցում, պարոն Ազարյանի նկատմամբ հարուցել էին, ու ոչ մի անգամ կարգապահական վարույթ չեն հարուցում Մնացական Մարտիրոսյանի, Մհեր Արղամանյանի, Արմեն Դանիելյանի նկատմամբ»,-ասաց նա: