Սեպտեմբերի 5-ին ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում էր ստացվել. պարեկային կարգախմբի ծառայողները նկատել էին, որ Տիգրան Մեծի պողոտայի կոշիկի և պայուսակի խանութի ապակին կոտրված է, ներսում էլ` անկանոն վիճակ:
Ինչպես NEWS.am-ին հայտնում են Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ տեղեկատվության վարչությունից, մեկնած օպերատիվ խմբին ընկերության մենեջերը հաղորդում էր տվել, որ գիշերը ապակին կոտրել ու դրամարկղից փորձել էին գողություն անել, սակայն իրենց կամքից անկախ` հանցագործությունն ավարտին չէին հասցրել և ոչինչ չգողանալով՝ հեռացել էին: Կամքից անկախ հանգամանքն այն էր, որ միացել էր ահազանգման ձայնային ազդանշանը:
Մինչ ոստիկանները ձեռնարկում էին գողության փորձը բացահայտելուն ուղղված միջոցառումներ, սեպտեմբերի 10-ի առավոտյան նույն ընկերության մենեջերից ստացվեց նոր հաղորդում: Գիշերվա ժամը հինգին անհայտ անձը ապակին կոտրել ու մտել էր նույն խանութ-սրահ, բայց այս անգամ էլ, իր կամքից անկախ, հանցագործությունն ավարտին չէր հասցրել և ոչինչ չգողանալով՝ հեռացել էր: Այս անգամ ձայնային ազդանշանը չէր միացել, խանութ մտած անձն էլ փորձել էր զգուշորեն մոտենալ դրամարկղին, որտեղ, սակայն, գողանալու փող չկար:
Կենտրոնականի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումներն այս անգամ կարճ տևեցին. պարզվեց, որ երկու դեպքում էլ ապակին կոտրել ու խանութ էր մտել Գեղարքունիքի մարզի Լուսակունք գյուղի բնակիչ, 22-ամյա մի երիտասարդ: Բացատրական աշխատանքի շնորհիվ նա ներկայացավ բաժին և տվեց խոստովանական բացատրություն:
Հանգամանքները քննությամբ պարզվում են:











