Անձամբ ես Մխիթար Պապոյանին համարում եմ շատ լավ դատավոր, և նրա անունը երբեք չեմ հնչեցնի։ Այս մասին այսօր` հոկտեմբերի 2-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը՝ անդրադառնալով դատավոր Մխիթար Պապոյանին գաղտնալսելուն:
«Թե ով և ինչու է գաղտնալսել նրան, արդարադատության նախարարը դրա հետ անելիք չունի։ Պետք է դիմել գաղտնալսման սանկցիա տված մարդկանց։ Ես այդ գործի մանրամասներին ծանոթ չեմ և ի պաշտոնե պարտավոր էլ չեմ ծանոթ լինել»,-ասաց նախարարը։
Նա նշեց, որ դատավորների կոնկրետ անուններ չի տալիս, քանի որ չի ցանկանում ՝ իր ենթակա իրավաբանները թիրախավորեն որևէ մեկին։
«Ես միշտ ասել եմ, որ նայեն քաղաքացիներից և իրավաբաններից ստացվող բողոքները բացառապես խախտման տրամաբանությամբ, այլ ոչ թե ումից են բողոքում»,-նշեց նախարարը։
Հարցին, թե կոնկրետ ինչ մեխանիզմներ է պատկերացնում վեթինգ իրականացնելու համար, Կարեն Անդրեասյանը նշեց, որ երկու ուղղությամբ է դա տեսնում՝ արդեն առկա գործիքակազմը և նոր գործիքակազմեր։
«Եղած գործիքակազմը կարգապահական պատասխանատվությունն է։ Նախարարն անի, թե ժողովուրդը, դա մի գործիքակազմ է, որը պետք է կիրառել։ Ես հիմա աշխատում եմ օրենքի տառին համապատասխան, որ կարգապահական պատասխանատվություններով համակարգից զտվեն օրենքները տրորած դատավորները»,- ասաց նախարարը։











