Մի շարք փաստեր խոսում են այն մասին, որ Գորիս-Կապան ճանապարհի հատվածը դե ֆակտո տրված է Ադրբեջանին։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 6-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։

«Երբ իրանցիները մտնում են Հայաստան, մաքսատանը կնիք է դրվում նրանց փաստաթղթին, հետո գալիս են այդ կետում ադրբեջանցիներն իրենց կնիքն են դնում հայկական կնիքի վրա, Հայաստանից դուրս գալիս մեր մաքսատան աշխատողները մի կնիք էլ դնում են այդ ադրբեջանական կնիքի վրա՝ դե ֆակտո ճանաչելով, որ ադրբեջանցիները ճանապարհի այդ հատվածում ունեն հստակ լիազորություն։ Բայց որևէ իրավական փաստաթուղթ այս առումով չկա»,- նշեց նա։

Գրիգորյանի խոսքով՝ անկանխատեսելի է, թե ինչի են ցանկանում հասնել ադրբեջանցիները շինարարական աշխատանքներով։

«Նախորդ անգամ շինարակական աշխատանքների արդյունքում այնտեղ հայտնվեց մաքսակետը։ Հիմա նոր շինարարական աշխատանքների արդյունքում ինչ կձևավորվի և ինչ նոր մարտահրավերներ կբերի՝ տեղյակ չենք։ Եվ սա է պատճառը, որ մենք հրավիրել էինք համապատասխան գերատեսչությունների ղեկավարների, որ հստակ պարզաբանումներ տային։ Բայց վերջիններս տապալում էին ինչպես ԱԺ գալը, այնպես էլ առանձին պաշտպանության և անվտանգության հանձնաժողովում նիստի անցկացումը։ Հետևաբար՝ ես կարող եմ ենթադրել, որ նրանք կամ ինչ-որ գաղտնի պայմանավորվածություն ունեն, որոնց մասին չեն ցանկանում բարձրաձայնել, կամ էլ ուղղակի չեն տիրապետում»,- ընդգծեց Գրիգորյանը։

Աննա Գրիգորյանի կարծիքով՝ Տաթևի ճանապարհի վրա աշխատանքներ, իրոք, կատարվում են, սակայն մի քանի գյուղերի համար նորմալ ճանապարհ չկա։

«Բարձրավան, Շուռնուխ, Որոտան գյուղերի համար նորմալ ճանապարհ չկա, և շինարարական աշխատանքներ չեն էլ սկսել գրունտային ճանապարհի համար։ Այս գյուղերի բնակիչները լրջագույն խնդրի առջև են կանգնելու։ Գրունտային ճանապարհը լինելու է անտառածածկ տարածքում, և ընդհանրապես հարմար չի լինելու հատկապես՝ ձմռանը։ Սա ամբողջ Հայաստանի խնդիրն է։ Այս պահի դրությամբ Գորիս-Կապան ճանապարհով ավելի քիչ են երթևեկում, քան Տաթևով»,- նշեց Աննա Գրիգորյանը։

Անդրադառնալով Հայաստանի օդային տարածքով դեպի Նախիջևան կատարած Ադրբեջանի չվերթին, Գրիգորյանը նշեց, որ այդ հարցն այսօր անպայման բարձրացնելու են Կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ։

«Սա առաջին օդային միջանցքն էր, որ տրվեց Ադրբեջանին։ Մենք հարց ու պատասխանի ժամանակ պարզաբանումներ կստանանք, թե ինչու է, որ Իրանը փակում է օդային սահմանը, իսկ Հայաստանը, որ բազմաթիվ չլուծված խնդիրներ ունի, տալիս է այդ օդային միջանցքը։ Ադրբեջանը ռազմատենչ հայատարարություններով է հանդես գալիս, դու ասում ես՝ եկեք խաղաղ լինենք, նույնիսկ քո օդային սահմանն ես բացում և փաստացի հիմք ես պատրաստում նոր կապիտուլյացիայի»,- հավելեց Գրիգորյանը։