Ես 2018-ից ուզում էի հասկանալ, թե այդ սերն ու թավիշն ում է ուղղված, որովհետեւ երբ տեսնում էի հայ հասարակության մեջ ատելության գեներացում, ակնհայտ էր, որ սերն ու համերաշխությունը մեր հասարակությանհամար չի ասված: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 6-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտնեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը:
«Ես հիմա հասկանում եմ, որ այդ սերն ու հանդուրժողականությունն ուղղված էր մեր թշնամիներին: Յուրաքանչյուր անգամ երբ նրանց կողմից կլինի ցանկացած անհեթեթ սպառնալիք Հայաստանին, ցանկացած իրական սպառնալիք կամ ուժի գործադրում, դրանց նկատմամբ Նիկոլը պետք է ցուցաբերի սեր եւ համերաշխություն: Մենք հիմա դա տեսնում ենք»,-ասաց նա՝ նկատելով, որ դա տրորում է ՀՀ քաղաքացու արժանապատվությունը:
Անդրադառնալով ընդդիմության գործունեությանն այս պայմաններում, ԱՆնա Մկրտչյանը նկատեց, որ ընդդիմության հաջողության հասնելու հնարավորությունները բացառված են ԱԺ-ում. «Ընդ որում, ոչ միայն իրավական, այլ նաեւ քաղաքական հնարավորություններն են բացառված: Այս մարդիկ ցույց են տալիս, որ ինչ ուզենք, այն էլ կանենք: Լավագույն օրինակն այն է, որ երեք շաբաթ է արդեն, իբր ընդդիմադիր խմբակցությունների առաջարկը պետք է քննարկվեր, ԱԱԾ տնօրենին, դատախազին, ԱԳ նախարարին, ԶՈՒ ԳՇ պետին հրավիրելու եւ նրանց լսելու վերաբերյալ, եւ անգամ որեւէ հրավերի քննարկում անգամ չի եղել: Մեզ ամեն անգամ ասում են՝ մեր գործն է, ուզում ենք՝ անում ենք, չենք ուզում՝ չենք անում: Հստակ է, որ կա հստակ հանձնարարական պետական կառույցներին, որ շփումներն ընդդիմության հետ հնարավոր համագործակցությունը ընդդիմության հետ անվտանգային հարցերով, ուղղակի մի իրականացրեք»,-ասաց նա:











