Ուզում էի հարցնել Նիկոլ Փաշինյանի՝ արդյոք պատերազմից առաջ եղե՞լ է Շուշիում, և եթե եղել է՝ արդյո՞ք չի տեսել այնտեղ կառուցված շինությունները: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 6-ին, կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը և ընթերցեց Լիտվայում հնչեցրած Նիկոլ Փաշինյանի խոսքերը. «Շուշիի մասին, որ այդքան խոսում են՝ 30 տարվա ընթացքում Շուշիում քանի բնակելի տուն է կառուցվել, ինչո՞ւ ոչ մեկը հարց չի տալիս, թե ինչու չի կառուցվել, փող չե՞ն ունեցել»:

Նկատելով, որ պատերազմից հետո Շուշիում չվնասված շենք չէր մնացել՝ պատգամավորը հայտնեց, որ այն մարդիկ, ովքեր  գնացել են Շուշի, ապա տեսել են թանգարաններ, բնակելի շենքեր, Ղազանչեցոց եկեղեցու ճանապարհին եղել են Տեխնոլոգիական, Գյուղատնտեսական համալսարնների շենքերը, արհեստագործական դպրոցը և այլ շինություններ:

Տիգրան Աբրահամյանը տեղեկացրեց, որ պաշտոնական տեղեկություններով Շուշիում ապրում էր 4 հազար բնակիչ:

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասաց. «Այո, ես խոսում էի բնակելի տների մասին եւ ընդհանրապես այս ամբիոնից ես խոսել եմ այն տարածքների մասին, որոնց վերաբերյալ ձեր խմբակցությունը բարձրացրել է հարցեր: Էն ինչը որ տեսնելու էր, ես բնականաբար տեսել եմ, և այն ինչ ասել եմ, այդ ամենը որևէ կասկածի տակ դրվել չի կարող»:

Օգտվելով առիթից Փաշինյանն անդրադարձավ նաև Գեղամ Նազարյանի հարցին և ասաց, որ Իջևանում ասֆալտապատվում են ճանապարհներ, որոնք 40-50 տարի որևէ տիպի նորոգման չէին ենթարկվել և այնտեղ առաջնային բնակարային ֆոնդ է ձևավորվել:

«Ինչ վերաբերում է Լիտվայում արած իմ հայտարարություններին, դրանք հրապարակվել են և որևէ ավելացնելու բան չունեմ, նույնը նաև մյուս տարածքների մասին արած իմ հայտարարություններին է վերաբերում»,-ասաց Փաշինյանը:

Տիգրան Աբրահամյանը տարակուսեց, որ եթե Փաշինյանը շրջել է ու տեսել է այդ շինությունները, ապա շատ տարօրինակ է Լիտվայում իր նման բովանդակության հարցուպատասխանը:

«Լիտվայում ասել եք, որ Շուշիում ոչ մի շինարարություն չի եղել, ներդրում չի եղել, այսինքն՝ նախապատրաստված է եղել հանձնման համար, բայց դահլիճում էլ մոտավորապես համաձայնում եք իմ ներկայացրած իրավիճակի հետ»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը և հավելեց. «Ձեր հայտարարությունները որևէ համատեքստում ո՛չ հասկանալի են, ո՛չ ընկալելի»:

Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ ինքը խոսել է բնակելի շենքերի կառուցման մասին և պնդում է իր ասածը:

«Եկեք համեմատենք, թե ինչ ծավալի ներդրումներ են արվել Շուշիում և ինչ ծավալի ներդրումներ են արվել Բադեն-Բադենում, հլը տեսնենք համեմատության եզր ունե՞ն: Այսինքն ի՞նչ եք հետապնդում էդ հարցերով, Այսինքը՝ Ձեզ թվում է, որ միայն դուք եք եղել Շուշիում և՝ ե՞ս, էլ մարդիք չե՞ն եղել»:

Փաշինյանը հայտարարեց, որ այդ մասին Լիտվայում առաջին անգամ չի ասել այդ մտքերը, այլ Արագածոտնի մարզի Կարպի գյուղում, Արմավիրի  և Տավուշի մարզերում էլ  է այդ կարծիքը հայտնել:

Նշենք, որ ավելի վաղ «Հայաստան» խմբակցությունից Գեղամ Նազարյանը նշել էր. «Բանն այն է, որ լսելով Շուշիի հետ տեղի ունեցածի բացատգրությունը՝ իջևանցիները միմյանց հարց են տալիս՝ եթե Շուշիում այդքան թանգարաններ, շենքեր, եկեղեցիներ,  ուսումնարաններ ու հուշարձաններ են կառուցվել, բայց արժանացավ այս ճակատագրին, ապա ի՞նչ է սպասվում Իջևանին, որտեղ Շուշիի համեմատ ոչինչ չի կառուցվել»: