Ես այստեղ էի եկել միայն նրա համար, որովհետեւ ոստիկանությունը զգուշացրել էր, որ բարձրախոս օգտագործելու համար բերման են ենթարկելու ակցիայի մասնակիցներին: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 7-ին, կառավարության շենքի դիմաց ՀՅԴ երիտասարդների բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ-ական Քրիստինե Վարդանյանը:
«Ինքներս գիտեք, որ նման կարգավորում չկա: Եկել էի հույս ունենալով, որ այստեղ մարդկանց ներկայությունը կստիպի ոստիկանությանը զերծ մնալ անօրինական գործողություններ իրականացնելուց: Արդեն մի քանի հոգու բերման են ենթարկել. Մեկին ռուպռ ունենալու համար, մյուսին հենց այնպես լրագրողներին հարցազրույց տալու համար: Հիմա իմ ձեռքին ռուպռ չկա, բայց եթե Հայաստանում մարդկանց բերման են ենթարկում ռուպռով խոսելու համար, ոստիկանությունը պետք է համարի, որ ես հիմա ռուպռով եմ խոսում: Եթե իմ ընկերներին բերման են ենթարկում հողատու եւ դավաճան ասելու համար, ես կրկնում եմ այդ բառերը:
Եթե մարդուն բերման եք ենթարկում հարցազրույց տալու համար, ես հիմա հարցազրույց եմ տալիս: Ո՞նց եք որոշում՝ ում եք բերման ենթարկում: Ինչո՞ւ ինձ բերման չեք ենթարկում: Ձեզ զանգում են, ասում են՝ էս մարդուն բերման ենթարկե՞ք:
Ինչի՞ց էինք մենք ուզում ազատվել, երբ համատարած փողոցներ էինք փակում: Եվ կարողացա՞նք ազատվել, թե՞ ավելի վատ վիճակում հայտնվեցինք: Դուք երբեւէ տեսե՞լ եք, որ մարդում ռուպռով խոսելու համար բերման ենթարկեն»,-ասաց նա:
Պատգամավորը նկատեց, որ ակցիային ընդամենը 10-15 երիտասարդներ էին մասնակցում, որոնք պաստառներ ունեին:
«Հայաստանում կա վարվող քաղաքականության դիմադրություն եւ այդ դիմադրության սերմերը պետք է փայփայել, մեծացնել եւ ցույց տալ, որ այս քաղաքականությունը Հայաստանում չի հաջողելու»,-ասաց նա:
Նշենք, որ նախքան երիտասարդներից մի քանիսին բերման ենթարկելը, ակցիայի մասնակիցներից մեկը բարձրախոսով նշեց, որ իրենք հավաքվել են իրենց բողոքը հայտնելու Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե վերջին 30 տարում Շուշիում ոչինչ չի կառուցվել: Ոստիկանները բերման ենթարկեցին ոչ միայն բարձրախոսով խոսողին, այլ նաեւ լրագրողներին հարցազրույց տվող ՀՅԴ-ական երիտասարդին:











